ՀՍՀ/ԻՆՔՆԱԼԱՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
ԻՆՔՆԱԼԱՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ ավտոմատ կառավարման, ինքնահարմարվող համակարգ, որտեղ պատահական փոփոխությունների հարմարվելը ապահովվում է լարքի պարամետրերի ավտոմատ փոփոխությամբ կամ էլ օպտիմալ լարքի ավտոմատ փնտրմամբ: Լինում են փնտրող և չփնտրող ի. հ-եր: Փնտրող ի. հ-ում կառավարման անհրաժեշտ որակը ձեռք է բերվում օպտիմալ լարքի ավտոմատ փնտրմամբ: Լարքի որակը բնութագրվում է որոշակի ընդհանրացված ցուցանիշով, որը չափվում է անմիջականորեն կամ հաշվարկվում պարամետրերի դիտարկելի արժեքներով: Այդ ցուցանիշի տատանումների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում որոշելու լարքի օպտիմալությունը, այսինքն՝ համապատասխանությունը որակի ցուցանիշի էքստրեմումին (մաքսիմումին կամ մինիմումին): Եթե էքստրեմումից շեղումներ կան, ապա լարքը փոփոխվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մոտեցել օպտիմալին: Փնտրող Ի. հ-երը կարող են աշխատել արտաքին պայմանների մեծ փոփոխության դեպքում: Փնտրող Ի. հ-երը չփնտրողների համեմատ ունեն որոշակի թերություն՝ պայմանավորված նրանով, որ օպտիմալ վիճակի փնտրումը խլում է որոշակի ժամանակ, այսինքն՝ փնտրողների ինքնալարման ժամանակը ներքևից սահմանափակ է: Չփնտրող համակարգում կիրառվում է կառավարման որակի որևէ վերահսկող ցուցանիշ, որը լարքի պարամետրերի ավտոմատ փոփոխությամբ պահվում է տրված սահմաններում: Այս սահմանները որոշող առաջնային պարամետրերի և կառավարման որակի ցուցանիշի միջև կապը տրվում է բացահայտ ալգորիթմական տեսքով: Ի. հ-երը ներդրումը հնարավորություն է տալիս հասնել օբյեկտների գործունեության մոտավորապես օպտիմալ ռեժիմների, հեշտացնում կառավարման համակարգերի միասնականացման խնդիրը, կրճատում փորձարկման և կարգաբերման ժամանակը, նվազեցնում կառավարման սարքերի մի շարք հանգույցների պատրաստման տեխնոլոգիական պահանջները, սպասարկող անձնակազմին ազատում լարքի աշխատարար օպերացիաներից:
