ՀՍՀ/ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ, գիտական ինֆորմացիայի կառուցվածքը և ընդհանուր հատկությունները, ինչպես նաև ստեղծման, փոխակերպման, հաղորդման և մարդկային գործունեության տարբեր ոլորտներում կիրառման օրինաչափություններն ուսումնասիրող դիսցիպլին: XX դ. սկզբին բելգիացի իրավաբան և գիտնական Պ. Օտլեն առաջարկել է գիտական փաստաթղթերի հավաքման, մշակման, պահման, փնտրման և տարածման պրոցեսների համալիրը միավորել «դոկումենտացիա» ընդհանուր անվան տակ, որը երբեմն ծառայում է որպես «Ի.» տերմինի հոմանիշ: Ամերիկյան գիտնական Վ. Ռուշն իր «Մեր մտածողության հնարավոր մեխանիզմը» (1945) հոդվածում առաջին անգամ լայնորեն առաջադրել է ինֆորմացիոն փնտրման պրոցեսի մեքենայացման խնդիրը: Կարևոր նշանակություն է ունեցել գիտական հրատարակությունների տարածման օրինաչափությունների հետազոտումը (Ս. Բրեդֆորդ, Մեծ Բրիտանիա, 1948): Մինչև XX դ. 60-ական թթ. հիմնականում մշակվում էին ինֆորմացիոն փնտրման սկզբունքներն ու մեթոդները, ինչպես և դրանց իրացման տեխ. միջոցները: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի մի շարք գիտնականներ մշակել են ինֆորմացիոն փնտրման տեսության և մեթոդիկայի հիմունքները: Ի-ի ընդհանուր տեսությունը ձևավորվել է Ա. Ռիսի, Ռ. Թեյլորի (ԱՄՆ), Ռ. Ֆերտորնի (Մեծ Բրիտանիա), Է. Պիչի (ԳՖՀ) և այլոց աշխատանքներում: Ի. բաժանվում է հետևյալ բաժինների, տեսություն (Ի-ի առարկան և մեթոդները, գիտական ինֆորմացիայի բովանդակությունը, կառուցվածքը և հատկությունները), գիտական հաղորդակցություն (ոչ ձևական և ձևական պրոցեսներ, գիտա-ինֆորմացիոն գործունեություն), ինֆորմացիոն փնտրում, գիտական ինֆորմացիայի տարածում և կիրառում, զիտա-ինֆորմացիոն գործունեության կազմակերպում և պատմություն: Ի-ի հիմնական տեսական խնդիրը գիտական ինֆորմացիայի ստեղծման, փոխակերպման, հաղորդման և կիրառման ընդհանուր օրինաչափությունների բացահայտումն է: Ի. չի ուսումնասիրում գիտական ինֆորմացիայի ստուգության, թարմության և oq տակարության գնահատման հայտանիշներ, ինչպես նաև նոր ինֆորմացիա ստանալու նպատակով հնի տրամաբանական մշակման մեթոդներ: Ի-ի կիրառական խնդիրներն են. ինֆորմացիոն պրոցեսների իրականացման առավել արդյունավետ մեթոդների և միջոցների մշակումը, գիտության ներսում, ինչպես նաև գիտության և արտադրության միջև գիտական օպտիմալ հաղորդակցության սահմանումը: Ի-ի մասնակի պրոբլեմների հետազոտության և կիրառական խնդիրների լուծման համար օգտագործվում են կիբեռնետիկայի, ինֆորմացիայի մաթ. տեսության, մաթ. տրամաբանության, սեմիոտիկայի, լեզվաբանության, հոգեբանության, գրքագիտության, գրադարանագիտության, մատենագիտության, արխիվագիտության, տեխ. գիտությունների և այլ մեթոդներ: Գիտական ինֆորմացիան գիտության ժամանակակից մակարդակին համապատասխան արտացոլում է բնության, հասարակության և մտածողության օբյեկտիվ օրինաչափությունները և կիրառվում է պատմա-հասարակական պրակտիկայում: Այն տեսակների է բաժանվում ըստ ստացման և կիրառման բնագավառների (կենսաբանական, քաղ., տեխ. ևն) և նշանակության (զանգվածային, մասնագիտական ևն): Գիտական ինֆորմացիայի ներկայացման, հաղորդման և ստացման պրոցեսների ամբողջությունը կազմում է գիտական հաղորդակցությունը: Տարբերում են «ոչ ձևական» (հիմնականում կատարում են գիտնականները կամ մասնագետները) և «ձևական» (խմբագրահրատարակչական և պոլիգրաֆիական գիտական հրատարակությունների տարածման, գիտական գրականության փոխանակման պրոցեսներ, արխիվային գործ, էապես գիտաինֆորմացիոն գործունեություն) պրոցեսներ: Բոլոր «ձևական» պրոցեսները, բացի վերջինից, գիտական հաղորդակցությանը յուրահատուկ չեն և մտնում են զանգվածային հաղորդակցության ոլորտի մեջ: Գիտական աշխատանքի աճող բարդությունը և նրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը հանգեցնում են նրա մասնատմանը հետևյալ տիպերի, տեսական և փորձարարական հետազոտություններ, գիտահետազոտական, գիտաինֆորմացիոն և գիտակազմակերպչական գործունեություն: Գիտաինֆորմացիոն գործունեության խնդիրն է փաստաթղթերում (գրքեր, ամսագրեր, հաշվետվություններ, արտոնագրեր ևն) պարունակվող գիտական ինֆորմացիան փնտրել, հավաքել, մշակել, պահել և տրամադրել գիտնականներին և մասնագետներին՝ հետազոտություններում օգտագործելու համար: ՍՍՀՄ-ում հրատարակվում են «Ինֆորմացիոն աշխատանքի կազմակերպում և մեթոդիկա», «Ինֆորմացիոն պրոցեսներ և համակարգեր», «Ինֆորմատիկա» (1967-ից՝ նաև անգլերեն), «Գիտությունաբանություն և ինֆորմատիկա» պարբերականները:
Գրկ. Михайлов А.И., Черный А.И., Гиляревский Р. С, Основы информатики, 2 изд., М., 1968.
