Jump to content

ՀՍՀ/ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, մաթեմատիկական առարկա, որն ուսումնասիրում է ինֆորմացիայի մշակման, պահպանման և հաղորդման հարցերը: Ստեղծել է ամերիկյան գիտնական Կ. Շենոնը (1948—49), կապի տեսության գործնական խնդիրների կապակցությամբ, որոնցից ամենահիմնականը հաղորդված տեղեկության ճշգրիտ կամ մոտավոր վերականգնման խնդիրն է: Ի. տ-ում օգտագործվող մաթ. մոդելի պարզագույն տարբերակը ներկայացված է նկ-ում: Ինֆորմացիայի աղբյուրը ստեղծում է տեղեկություններ (խոսք, տառերի հաջորդականություն ևն), որոնք պետք է հաղորդվեն հասցեատիրոջը: Հաղորդիչը տեղեկությունը փոխակերպում է անցուղու յուրահատկությանը համապատասխանող ազդանշանների (օրինակ, հեռախոսության և հեռագրության մեջ ձայնը և տառերը փոխակերպվում են էլեկտրական հոսանքի իմպուլսների): Կապի անցուղին այն միջավայրն է, որի միջոցով կատարվում է ինֆորմացիայի հաղորդումը (լար, մալուխ ևն): Ընդունիչը վերականգնում է տեղեկությունը ըստ ընդունված ազդանշանի (հեռախոս, տաոատպող սարք ևն): Հասցեատերն այն անձն է կամ սարքը, որի համար նախատեսված է տեղեկությունը: Համարվում է, որ հասցեատերը ինֆորմացիա ստանում է այն ժամանակ, երբ իմանում է պատահույթի մասին, որի հայտնվելը կանխորոշված չի եղել: Դրան համապատասխան ինֆորմացիայի աղբյուրը մաթեմատիկորեն տրվում է որոշ X{x1, x 2 .хм} վերջավոր բազմությամբ և յուրաքանչյուր xf տարրի հայտնությամբ (տես Հավանականությունների տեսություն): Առանց հիշողության անցուղիները բնութագրվում են նրանով, որ նրանցում աղմուկը նշանների վրա ազդում է անկախ նշանից: Մաթեմատիկորեն դա արտահայտվում է այն փաստով, որ կամայական ո-ի համար նշանների (z 1, z 2,…, zn) հաջորդականության ընդունելու հավանականությունը, եթե հաղորդվել է (y 1, y 2,.., y ո) հաջորդականություն, հավասար է p(z 1 y 1), i l, 2,…,n հավանականությունների արտադրյալին: Տվյալ անցուղու և աղբյուրի համար կարելի է որոշել ելքի տեղեկության մեջ պարունակվող ինֆորմացիայի քանակը մուտքի տեղեկության նկատմամբ: Ինֆորմացիայի այդպիսի քանակների ճշգրիտ վերին սահմանը (վերցրած ըստ բոլոր հնարավոր աղբյուրների) կոչվում է անցուղու թողունակություն և վերջինիս կարևորագույն բնութագրիչն է: Աղմուկների դեմ պայքարին է ծառայում հաղորդչի մեջ կատարվող կոդավորման պրոցեսը, որը յուրաքանչյուր տեղեկությանը համապատասխանեցնում է մուտքի У այբուբենի տառերի ո երկարության որևէ հաջորդականություն, այսինքն У բազմության տարրերից կազմված ո երկարության բոլոր հաջորդականությունների У ո բազմության որևէ տարր: Այդ համապատասխանությունն իրականացնող f ֆունկցիան կոչվում է ո երկարության բլոկային կոդ: Տես նաև Շենոնի թեորեմներ:

Գրկ. Шеннон К., Работы по теории информации и кибернетике, пер. с англ., М., 1963: Галлагер Р., теория информации и надежная связь, М., 1974 Яглом A.M., Яглом И.М., Вероятность и информация, М ., 1973.

Բ. Նահապետյան