ՀՍՀ/ԻՈՆԱԿԱՆ ՇԱՌԱՎԻՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՈՆԱԿԱՆ ՇԱՌԱՎԻՂ, իոնական միացություններում իոնների չափերը և միջատոմական հեռավորությունը բնորոշող պայմանական մեծություն: Ի. շ-ի արժեքը օրինաչափորեն կախված է պարբերական համակարգում տարրի գրաված տեղից: «Ի. շ.» հասկացությունը հիմնված է ադիտիվության սկզբունքի վրա, այսինքն այն ենթադրության, որ իոնների չափերը կախված չեն մոլեկուլների և բյուրեղների բաղադրությունից: Դրա համար էլ Ի. շ-ների համակարգը կազմելու համար բավական է իմանալ գոնե մեկ իոնի չափը: Փորձով հնարավոր է ստանալ միայն կապի երկարությունը, իսկ ի. շ-ի մեծությունը որոշելու համար միջատոմական հեռավորությունը բաժանում են առանձին իոնին համապատասխան մասերի, որի ժամանակ անխուսափելի են ենթադրությունները:
