Jump to content

ՀՍՀ/ԻՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ, գազապարպման սարքեր, էլեկտրավակուումային սարքեր, որոնց աշխատանքը հիմնված է գազերում (իներտ գազեր, ջրածին) կամ մետաղի գոլորշիներում էլեկտրական պարպման տարբեր տեսակների օգտագործման վրա: Պարզագույն սարքը իներտ գազով կամ սնդիկի գոլորշիներով լցված դիողն է: Ի. ս-ի հատկությունները բնութագրվում են գազային միջավայրի հետ էլեկտրոնների հոսքի փոխազդեցությամբ և էլեկտրոդների միջև եղած էլեկտրական դաշտով: Կաթոդից դեպի անոդը շարժվելիս էլեկտրոնները բախվում են գազի ատոմներին ու մոլեկուլներին և իոնացնում դրանք, սարքի էլեկտրոդների միջև ընկած տարածությունում առաջանում են էլեկտրոններ և դրական լիցք ունեցող իոններ: Ի. ս-ում էլեկտրոդների պոտենցիալների ոչ մեծ տարբերության դեպքում կարելի է մեծ (էլեկտրավակուումային սարքերի այլ տեսակների համար անհասանելի) հոսանքներ ստանալ՝ դրական իոններով էլեկտրոնների տարածական լիցքը չեզոքացնելու շնորհիվ: Ի. ս-ում պարպման առաջացման պահը կառավարելու համար կիրառում են լրացուցիչ էլեկտրոդներ (ցանցեր, օժանդակ անոդներ ևն): Ըստ էլեկտրական պարպման տեսակի տարբերում են մարմրող (ազդանշանային կամ ինդիկատորային լամպ, ստաբիլիտրոն, սառը կաթոդով տիրատրոն, դեկատրոն, թվանշանային ինդիկատորային լամպ ևն), աղեղային (գազատրոն, տիրատրոն, կլիպերային սարքեր, տասիտրոն ևն), կայծային (պարպման այս տեսակի առանձնահատկություններն օգտագործվում են կառավարվող և չկառավարվող կայծային պարպիչներում՝ տրիգատրոններում), պսակաձև (ստաբիլիտրոն ևն) պարպման ի. ս., իսկ ըստ կիրառվող կաթոդի տեսակի՝ սառը և տաքացվող կաթոդով Ի. ս.: Ի. ս-ի առանձին խումբ են կազմում լույսի գազապարպման աղբյուրները, որոնց մեծ մասը բարձր ճնշման տակ (մի քանի հարյուր կն մ²) աշխատող աղեղային պարպման սարքեր են, ճառագայթման մեծ ինտենսիվության լամպերը, ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթում տվող էրիթեմային լամպը, գազային լազերները (հիմնականում մոլեկուլային) ևն: Հայտնի է նաև Ի. ս-ի մի ուրիշ խումբ (ֆազափոխակերպիչներ, պարպիչներ ևն). դրանց աշխատանքը հիմնված է գերբարձր հաճախականության դաշտի և գազի իոնացված տիրույթի փոխազդեցության վրա: Ի. ս. կիրառվում են իմպուլսային տեխնիկայում (տիրատրոն), լարումների ցուցանշման (ազդանշանային նեոնային լամպ) և կայունացման (ստաբիլիտրոն) համար, հզոր ուղղիչներում (սնդիկային ուղղիչ, իգնիտրոն), էլեկտրական շղթաների կոմուտացման, էլեկտրական էներգիան լուսայինի փոխակերպելու (գազապարպման աղբյուրներ) համար:

Գրկ. Капцов Н. А., Электрические явления в газах и вакууме, 2 изд. М.Л., 1950 Власов В.Ф., Электронные и ионные приборы, 3 изд., перераб. и доп., М., 1960.