Jump to content

ՀՍՀ/ԻՊՐԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՊՐԻՏ, մանանեխի գազ, դիքլորդիէթիլսուլֆիդ, ալիֆատիկ շարքի թիոեթեր, S(CH₂CH₂CI)2: Մաշկա-պալարային թունավոր նյութ է, առաջին անգամ օգտագործել են գերմանացիները, 1917-ի հուլիսի 12-ին անգլո-ֆրանսիական զորքի դեմ Բելգիայի Իպր քաղաքի մհտ (այստեղից էլ անվանումը): Անգույն հեղուկ է, հալ. ջերմաստիճանը՝ 14,5C, եռմանը 217°C, խտությանը՝ 1280 կգ/մ³ (15°C-ում), լուծելիությունը ջրում՝ 0,05: Հեշտությամբ լուծվում է օրգ. լուծիչներում: Տեխ. Ի. անդուր հոտով, մուգ-դարչնագույն կամ սև հեղուկ է: Շատ դանդաղ հիդրոլիզվում է ջրով: Հիդրոլիգի արագությունը կտրուկ մեծանում է ալկալիների ներկայությամբ, ինչպես նաև տաքացնելիս և խառնելիս: Եռանդուն փոխազդում է քլորացնող և օքսիդացնող նյութերի հետ՝ առաջացնելով ոչ թունավոր նյութեր: Այս փոխազդեցությունները կիրառվում են Ի. ապագազացնելու համար: Ծանր մետաղների, աղերի հետ առաջացնում է գունավոր կոմպլեքս միացություններ, որոնց վրա հիմնված է Ի-ի հայտնաբերումը (ինդիկացումը): Ի. ստացվում է երկու եղանակով, էթիլենից ու ծծմբի քլորիդներից և թիոդիգլիկոլից՝ S(CH₂CH₂OH)2, ու աղաթթվից: Ի. պրոտոպլազմային թույն է. վնասում է մաշկը և աչքը: Գոլորշիները շնչելիս առաջանում են վերին շնչառական ուղիների և թոքերի ծանր վնասվածքներ: Ի-ին բնորոշ է ագդեցության «թաքնվաժ շրջանը» (մինչև 12 ժ և ավելի): Ի-ի ազդեցությունից շնչառական օրգանները և մաշկը պաշտպանելու համար օգտագործում են հակագազ և հատուկ պաշտպանական հագուստ: Համանման ֆիզիոլոգիական հատկություններով օժտված են RN(CH₂CH₂CI)2 ընդհանուր բանաձևով նյութերը (որտեղ R СH₃, C₂H₅, СH₂СH₂Cl), որոնք պայմանականորեն կոչվում են ազոտային իպրիտներ՝ անգույն, բարձրաեռ հեղուկներ: Շատ դանդաղ հիդրոլիզվում են ջրով, հիմքերի ներկայությամբ հիդրոլիզն արագանում է: Քլորացնող կամ օքսիդացնող նյութերի փոխազդեցությունից առաջանում են ոչ թունավոր նյութեր: Այս փոխազդեցությունները կիրառում են ազոտային իպրիտները ապագազացնելու համար: Ստացվում են երրորդային (3-օքսիէթիլամինների՝ RN(CH₂CH₂OH)₂ (որտեղ R CH₃, C₂H₅, CH₂CH₂OH) հիդրօքսիլ-խմբերը քլորով փոխարինելով: Ազոտային իպրիտները ճնշող ազդեցություն ունեն բջիջների բաժանման վրա, որի շնորհիվ մի քանիսը, ինչպես նաև դրանց ածանցյալները (էմբիխին, էնդօքսան ևն), կիրառվում են չարորակ ուռուցքների դեմ պայքարելու համար:

Մ. Սարգսյան