Jump to content

ՀՍՀ/ԻՍԼԱՆԴԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍԼԱՆԴԻԱ, (Island), Իսլանդիայի Հանրապետություն (lyavel’ die Island

I. Ընդհանուր տեղեկություններ

Պետություն է նույնանուն կղզու վրա, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում: Ողողվում է Գրենլանդական և Նորվեգական ծովերով: Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Տարածությունը 103 հզ. կմ² է, բնակչությունը՝ 220 հզ. (1977), մայրաքաղաքը՝ Ռեյկյավիկ: Վարչականորեն բաժանվում է օկրուգների (սիսլերի): Մայրաքաղաքը և մի շարք այլ քաղաքներ ունեն ինքնուրույն վարչական կառավարում:

II. Պետական կարգը

Ի. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1944-ին: Պետության գլուխը պրեզիդենտն է: Օրենսդրական իշխանությունն իրականացնում են պրեզիդենտն ու երկպալատ պառլամենտը (ալտինգ), գործադիր իշխանությունը՝ պրեզիդենտն ու կառավարությունը: Տեղական կառավարման մարմինները ընտրովի մունիցիպալիտետներն են: Դատական համակարգը կազմում են ստորին, քաղաքային դատարաններն ու Գերագույն դատարանը:

III. Բնությունը

Ի-ի ափերը հվ-ում հարթ են, կուտակումնային, մնացած մասերում՝ կտրտված ֆիորդերով ու ծոցերով: Ռելիեֆում գերակշռում են 400—800 մ բարձրության սարավանդները, որոնց վրա բարձրանում են 1000—1500 մ բարձրությամբ լեռնազանգվածներ ու հրաբուխներ: Կա մոտ 200 հրաբուխ, որից 30-ը վերջին 1000 տարում ակտիվ է: Հայտնի են Հեկլան, Լակին, Ասկյան, Հվաննադալսհնուկուրը (առավել բարձր կետը, 2119 մ): Տերիտորիայի 6 ը զբաղեցնում են լավային դաշտերը և հրաբխային գործունեության այլ հետքեր: Տարածված են հին սառցադաշտերի հատակային, վերջնային ու կողային մորեններն ու գանդրային հարթությունները, մերձափնյա շրջաններում, գլխավորապես արմ-ում և հվ-ում՝ դաշտավայրերը: Հաճախակի են երկրաշարժերը: Օգտակար հանածոներից են սպաթն ու ծծումբը: Կան տաք ջրեր, գերտաք գոլորշի, հանքային աղբյուրներ, ոչ մեծ քանակությամբ տորֆ, լիգնիտ: Կլիման մերձարկւոիկական է, ծովային, ենթարկվում է գոլֆստրիմ հոսանքի ազդեցությանը: Հունվարի միջին շերմաստիճանը —l ՞ C-ից —3°C-է, հուլիսինը՝ 9 С-ից 110°C, տարեկան տեղումները՝ 465-4000 մմ: Տերիտորիայի 11,4 ը սառցապատված է:

IV. Բնակչությունը

Բնակչության մոտ 99 ը իսլանդացիներ են, ապրում են նաև դանիացիներ, գերմանացիներ և նորվեգացիներ: Պաշտոնական լեզուն իսլանդերենն է, օրացույցը՝ Գրիգորյանը: Համեմատաբար խիտ է բնակեցված կղզու հվ-արմ-ը՝ 1 կմ² վրա մինչև 11,6 մարդ: Խոշոր քաղաքներն են Ռեյկյավիկը, Կոուպավոգուրը, Ակուրեյրին:

V. Պատմական ակնարկ

Ի-ի բնակեցումն սկսվել է մոտ 870-ին: Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ: Նրանք կղզին անվանեցին Island՝ «Մառույցի երկիր»: Իսլանդացիները հայտնագործեցին Գրենլանդիան (X դ. 80-ական թթ.) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000-ին): 930-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները): Յուրահատուկ պայմանների պատճառով Ի-ում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթները: 1000-ին ընդունել են քրիստոնեություն: Մինչև XIII դ. Ի-ում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետություն չի եղել, հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ մարդիկ՝ բոնդերը («ժողովրդապետության շրջան»): Գյուղացիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է XIII դ.: 1262-ին Ի. ենթարկվել է Նորվեգիային, որի հետ և 1380-ին ունիայով միացել է Դանիային, իսկ 1397-ից մտել Դանիա-շվեդա-նորվեգական կապարյան ունիայի մեջ: Նորվեգիան թագավորության ստատուսից զրկվելուց (1537) հետո Ի-ի կառավարումն անցել է Դանիային: 1800-ին դանիական թագավորի հրամանով վերացվել է իսլանդական ալտինգը: XIX դ. կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորման հետ, ուժեղացել է անկախության շարժումը: XIX դ. վերջին և XX դ. սկգբին Ի. ստացել է որոշ ինքնավար իրավունքներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առաջացել են քաղ. և հասարակական կազմակերպություններ. 1916-ին վերջնականապես ձևավորվել են ս-դ. և առաջադիմական (ֆերմերական) կուսակցությունները, ինչպես նաև Ի-ի Արհմիութենական ֆեդերացիան: 1918-ի նոյեմբ. 30-ին Ի-ի և Դանիայի միջև կնքվել է նոր ունիա, որով Ի. մնում էր սուվերեն պետություն (ի-ի պաշտպանությունը և արտաքին գործերը վարում էր Դանիան): 1920-ական թթ. բնութագրվում են տնտ. կյանքի անկումով, անգլ. կապիտալից ի-ի տնտ. կախվածության ուժեղացմամբ: 1930-ին հիմնադրվել է Ի-ի կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ), որը 1938-ին ս-դ. կուսակցության ձախ թևի հետ միավորվել է Ի-ի միասնական սոցիալիստական կուսակցության (ԻՄԱԿ) մեջ (գոյատևել է մինչև 1968-ը): 1940-ի ապրիլին, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ֆաշիստական Գերմանիայի կողմից Դանիայի օկուպացումից հետո, Ի-ում ափ իջան անգլ. զորքերը: 1941-ին նրանց փոխարինեցին ամերիկացիները: 1943-ի դեկտեմբերին ավարտվեց Դանիա-Իսլանդական ունիայի գործողության ժամկետը: 1944-ի մայիսի հանրաքվեի ժամանակ իսլանդացիների ճնշող մեծամասնությունն արտահայտվեց ունիայի լուծարքի և հանրապետության հռչակման օգտին: 1944-ի հունիսի 17-ին ի. հռչակվեց հանրապետություն: Պատերազմից հետո պայքար ծավալվեց ամերիկյան զորքերի դուրսբերման համար: 1946-ին ԱՄՆ իր զորքերը դուրս բերելու դիմաց իրավունք ստացավ օգտագործել Կեբլավիկի (Կաֆլավիկ) օդանավակայանը: 1948-ին Ի. մտավ Մարշալի պլանի համակարգի մեջ, իսկ 1949-ին դարձավ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ: 1951-ի մայիսի 5-ին ստորագրվեց Ի-ի «պաշտպանության մասին» իսլանդա-ամերիկյան համաձայնագիր, որով Ի. փաստորեն վերածվեց ԱՄՆ-ի ռազմ, բազայի: Հասարակության ճնշման տակ 1956-ի մարտի 28-ին ալտինգը որոշեց վերանայել այդ համաձայնագիրը, սակայն այդ հարցի քննարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 1950-1960-ական թթ. բնակչության կենսամակարդակի անկմանը աշխատավորները պատասխանեցին հուժկու գործադուլներով: 1971-ի հուլիսին պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների կառավարությունը՝ Օ. Յոհաննեսոնի գլխավորությամբ, որը հրաժարվեց մտնել «ընդհանուր շուկայի» մեջ, հանդես եկավ 1951-ի իսլանդա-ամերիկյան համաձայնագրի վերանայման օգտին: 1972-ին Ի. Եվրոպական տնտ. համագործակցության հետ կնքեց ագատ առևտրի համաձայնագիր: 1972-73-ին Ի-ի ափամերձ ձկնորսական գոտին 12-ից 50 մղոնի հասցնելու պատճառով սրվեցին հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և ԳՖՀ-ի հետ: 1974-ի օգոստոսին կազմվեց Գ. Հալգրիմսոնի կառավարությունը, որը հայտարարեց, որ պետք է զարկ տա Արևմուտքի երկրների հետ «պաշտպանական համագործակցությանը» և նպաստի Արևմուտք-Արևելք հարաբերությունների բարելավմանը: 1974-ի հոկտեմբերին կնքվեց իււլանդա-ամերիկյան պաշտպանական նոր համաձայնագիր, ըստ որի կրճատվեց Ի-ում գտնվող ամերիկյան զորքերի թիվը: Ի. ՄԱԿ-ի անդամ է 1946-ից: Տնտեսապես սերտորեն կապված է ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների, հատկապես ԱՄՆ-ի հետ:

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական կազմակերպությունները Անկախության կուսակցություն (պահպանողական): Ձևավորվել է 1929-ին, արտահայտում է արդյունաբերական և առևտրական բուրժուազիայի շահերը: Առաջադիմական կուսակցություն: Ստեղծվել է 1916-ին, արտահայտում է խոշոր ֆերմերների և քաղաքային բուրժուազիայի մի մասի շահերը: ժողովրդական միություն: Հիմնվել է 1956-ի վերջին, որպես ընտրական բլոկ, 1968-ից դարձել է կուսակցություն: Իսլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, հիմնվել է 1916-ին: Ազատախոհների և ձախերի կազմակերպություն: Հիմնվել է 1969-ին, միավորում է ժող. միության և ս-դ. կուսակցության որոշ նախկին անդամների: Իսլանդական արհմիությունների ֆեդերացիա, հիմնվել է 1916-ին, ունի 47 հզ. անդամ (1977): Կուլտուրայի և խաղաղության համար պայքարի կանանց լիգա: Երիտասարդական կազմակերպությունների ֆեդերացիա: Հյուսիսային ընկերություն: ՍՍՀ Մ-Իսլանդիա ընկերություն (հիմնվել է 1950-ին):

VII. Տնտեսա-աշխարհագրական ակնարկ

Ի. զարգացման միջին մակարդակ ունեցող կապիտալիստական երկիր է: Մինչև XIX դ. կեսը տնտեսության հիմնական ճյուղը մսաբրդատու անասնապահությունն էր և թույլ զարգացած ձկնորսությունը: XX դ. սկզբից ձկնորսությունը և ձկնամշակությունը դառնում է երկրի միջազգային մասնագիտացումը: Ձկնամթերքի արտահանությամբ միջազգային շուկայի առաջատարներից է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձկնարդյունաբերության հետ մեկտեղ զարգացել է էներգետիկ, ցեմենտի, քիմ., շինանյութերի արդյունաբերությունը: Աճում է պետական-մոնոպոլիստական սեկտորի դերը: Արդյունաբերությունը մեծ մասամբ կապված է ձկնորսության և ձկնամշակման հետ: Ձկան որսով (մոտ 983 հզ. տ, 1975) Ի. գրավում է 7-րդ տեղը Արևմտյան Եվրոպայում, իսկ մեկ շնչին ընկնող ձկան որսով՝ առաջին տեղը աշխարհում: Ձկնամշակման կենտրոններն են Ռեյկյավիկը, Սիգեուֆիորդուրը, Ակուրեյրին, Վեստման-նաէյարը: Ստորգետնյա տաք ջրերն օգտագործվում են Ռեյկյավիկի ջեռուցման և ջերմային տնտեսություններում: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է տերիտորիայի 23 ը: Մշակում են կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, ջերմոցներում՝ լոլիկ, վարունգ: Զարգացած է մսաբրդատու ոչխարաբուծությունը և կաթնաանասնապահությունը: Տրանսպորտը: Ծովային նավատորմի ընդհանուր տոննաժը 105 հգ. բրուտտո ռեգիստրային ա է (1971): Զարգացած է օդային տրանսպորտը («Լոֆտլեյդիր» և «Ֆլյուգֆելլագ» ավիաընկերություններ): Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 10 հզ. կմ է: Երկաթուղի չունի: Արտաքին առևտուրը: Արտահանության 84 ը ձկնեղենն է, 13 ը՝ արդ. ապրանքներ, 3 ը՝ անասնապահական մթերքներ (1971): Ներմուծում է հեղուկ վառելանյութ, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքներ: Առևտրական հիմնական գործընկերներն են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ-ն, Սկանդինավյան երկրները: Առևտրական համագործակցության մեջ է ՍՍՀՄ-ի հետ: Դրամական միավորը կրոնն է: ՍՍՀՄ Պետբանկի 1977-ի կուրսով 100 կրոնը 0,41 ռ.: Vl

II. Բժշկա-սանիտարական վիճակը և առողջապահությունը

1969-ին Ի-ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 20,7, ընդհանուր մահացությունը՝ 7,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 11,7: Մահացության հիմնական պատճառները սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ ուռուցքները և թոքաբորբերն են: Մանկական հիվանդությունների բուժումը հիվանդանոցներում ձրի է:

IX. Լուսավորությունը

Կրթության համակարգի հիմքը կազմում է 1946-ի օրենքը, որի համաձայն ձրի պարտադիր կրթություն են ստանում 7-15 տարեկան երեխաները: Տարրական դպրոցը 6-ամյա է: Միջին աստիճանի դպրոցներ են. երկամյա պատանեկան (փոքր գյուղերում), 3-ամյա միջնակարգ (ավաններում և փոքր քաղաքներում), 4-ամյա ռեալական ուսումնարան (քաղաքներում): Միջնակարգ դպրոցը կամ ռեալական ուսումնարանն ավարտողները իրավունք ունեն ընդունվելու 4-ամյա գիմնազիա (լեզվի կամ մաթեմատիկայի գծով) կամ որևէ միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն (ծովագնացության, ռադիոտեխնիկայի, առևտրական, գյուղատնտ., մանկավարժական ևն): Բարձրագույն կրթություն է տալիս Իսլանդական համալսարանը Ռեյկյավիկում (հիմնադրվել է 1911-ին):

X. Գիտական հիմնարկները

Կոորդինացնող օրգանը հետազոտությունների ազգային խորհուրդն է: Խոշոր գիտահետազոտական հիմնարկ է Ռեյկյավիկի համալսարանին կից գործող (1937-ից) Հետազոտական ինստ-ը: Բնագիտական հետազոտություններ են կատարում Ի-ի Ազգային թանգարանը, տարբեր ընկերություններ, հատուկ վարչություններ: Ձկնատնտեսության գիտահետազոտական կենտրոնն ուսումնասիրում է ջրակենսաբանության, ձկնաբանության, օվկիանոսագիտության պրոբլեմներ: Էներգետիկ վարչությունն ուսումնասիրում է ջրային ռեսուրսները: Համալսարանին կից կան մանրէաբանության և ախտաբանության ինստ-ներ: Առանձին հրատարակությամբ լույս են տեսնում «Vinsindaflags Is-lendinga Rit» (1923-ից) և «Greinar (1935-ից) գիտական աշխատությունների մատենաշարերը: Ազգային թանգարանը (1946-ից) հրատարակում է բնական գիտությունների վերաբերյալ «Acta Natu-ralia Islandica» մատենաշարը:

XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը

1773-ին լույս է տեսել առաջին ամսագիրը, XIX դ. կեսին՝ առաջին թերթը: Հնագույն օրաթերթն է «Վիսիր»ը («Visir»), 1910-ից: Մայրաքաղաքի հիմնական թերթերն են՝ «Մորգյունբլադիդ» («Morgunbla-did»), 1913-ից, «Տիմինն» («Timinn»), 1917-ից, «Թյոուդվիլյին» («Thjodhvil-jinn»), 1936-ից, «Ալաիդյուբլադիդ» («A 1-thydubladid»), 1916-ից, «Նիտ լանդ-ֆրյաուլս թյոուդ» («Nytt Land-Frjals Thjod»), 1952-ից: Սեփական ինֆորմացիոն գործակալություն չունի: Ինֆորմացիա է ստանում Նորվեգական հեռագրական բյուրոյից, Ռեյտեր և Ասոշիեյտեդ պրես (ԱՄՆ) գործակալություններից: 1930-ից գործում է պետ. ռադիոկայանը (իսլանդերեն): 1966-ից հաղորդումներ է տալիս իսլանդական հեռուստատեսությունը:

XII. Գրականությունը

Գրականությունը սերում է հին սկանդինավյան բանահյուսությունից, որը մեգ է հասել ոչ վաղ, քան XIII դ. գրառումներով (Էդդա): Համաշխարհային գրականության մեջ Ի-ի ամենակարևոր ավանդը սագաներն են, որոնցից առավել հետաքրքրականը, այսպես կոչված, տոհմական սագաներն են կամ «իսլանդացիների մասին սագաները» («Սագա Նյալի մասին», «Սագա էգիլի մասին»): Զարգացել է նաև քրիստոնեական պոեզիան, որն իր բարձրակետին է հասել XIV դ. կեսերին՝ Է. Սուսգրիմսոնի «Շուշան» պոեմում: Կրոնական երկերի հետ հիմնական գրական ժանրն են դարձել (ընդհուպ մինչև XIX դ.), այսպես կոչված, ռիմերը՝ բազմատեսակ սյուժեների չափածո վերապատումները: Ի-ի գրականությունը վերածնունդ է ապրել XIX դ. ռոմանտիզմի շրջանում՝ սերտորեն կապված ինքնուրույնության համար մղվող քաղ. պայքարի հետ (Յո. Հալլգրիմսոն, 1807—45, Բ. Տորարենսեն, 1786—1841): Իսլանդական առաջին վեպը Յո. Թորոդսենի (1818—68) «Պատանին ու աղջիկը» (1850) է: Ի-ի անկախության ձեռքբերումը (1918) խթանեց գրականության զարգացումը: Հասարակական գիտակցության ձևավորման գործում զգալի դեր խաղացին Թ. Թոուրդարսոնի (ծն. 1889) քաղաքականապես կրքոտ «Նամակներ Լաուրային» (1924) երկը և վեպերը («Իսլանդական ավագանի», 1938, «Քարերն են խոսում», 1956): Հ. Կ. Լաքսնեսը (ծն. 1902) «Սալկա Վալկա»(հ. 1-2, 1931 1932) վեպում նկարագրել է բանվորական շարժման առաջին քայլերը Ի-ում: 40-ական թթ. գրականության մեջ արտացոլվել է Ի. անկախ հանրապետություն հռչակելու (1944) համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը: Ռեալիզմի ուղիով է զարգանում Խ. Ստեֆաունսոնի (սն. 1892), Օ. Սիգուրդսոնի (ծն. 1918), Յոունասոն ուր Կյոտլումի (ծն. 1899), Գ. Բյոդվարսոնի (ծն. 1904) և Ս. Հյարտարսոնի (ծն. 1906) ստեղծագործությունը: Իսլանդական արդի պոեզիայում ակնառու դեր է խաղացել Ս. Ստեյնարը (1908—58): Ճանաչված են արձակագիր Թ. Վիլհյաումսոնը (ծն. 1925), դրամատուրգ Ա. Բոգասոնը (ծն. 1917), հրապարակախոս Աուրնասոնը (ծն. 1922):

XIII. Ճարտարապետությունը և կերպարվեստը

Ի-ում կառուցվում էին կիզահոդե, ճիմածածկ «երկարավուն տներ», հաճախ մասամբ թաղված գետնի մեջ, XVIII դարից՝ քաղաքներ քարե կառույցներով, դանիացի ճարտարապետների նախագծերով (Հոուլարի և Ռեյկյավիկի տաճարները): XIX դ. ստեղծվեց ներբերված՝ փայտից, տուֆից, բազալտից, ծալքավոր երկաթով շուրջկարված 2-3-հարկանի բնակելի տան տիպը: 1920-ական թվականներից արմատավորվել են ժամանակակից կառուցվածքային և կոմպոզիցիոն ձևերը (Ռեյկյավիկի նոր կառուցապատումը, Ակուրեյրին): Կառուցվում են 4-5-հարկանի սեկցիոն բնակելի տներ, հասարակական, վարչական, արդ. շենքեր (ճարտարապետներ՝ Սիգուրդուր Հուդմունդսոն, Հուդյոուն Մամուելսոն, Սիգվալդի Տորդարսոն): XI—XII դդ. Ի-ի վարպետներն զբաղվել են փայտի քանդակազարդմամբ: Ավանդական հյուսվեն նախշերով են գարդարվել XII XIII դդ. արծաթյա թասերը, XIV—XV դդ. գոթական մանրանկարները, զարդակարված ծածկոցները: XIX դ. սկզբնավորվել է իսլանդական գեղանկարչությունը (դիմանկար և բնանկար): XX դ. ռեալիստ գեղանկարիչներից են Կյարվալը, Յոուն Ստեֆաունսոնը, Քրիստին Յոունսդոուտիրը, քանդակագործներից՝ Էյնար Յոունսոնը, Աուսմունդուր Սվեյնսոնը, Սիգուրյոուն Օուլաֆսոնը:

XIV. Երաժշտությունը

Քրիստոնեություն ընդունելուց հետո տարածվել է Գրիգորյան, ապա՝ բողոքական խորալը: Եկեղեցական երաժշտությանը զուգընթաց զարգացել է ժող. երաժշտությունը (հիմնականում առանց նվագակցության երգը): Երաժշտական գործիքներից են լանգշպիլը (աղեղնավոր) և ջութակը: XIX դ. վերջին զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը, հիմնադիրն է ազգային հիմնի հեղինակ Ս. Սվեյնբյոռնսոնը: XX դ. կոմպոզիտորներից են Պ. Իսոուլֆսոնը, Է. Տորոդսենը, Ա. Սնորասենը, երգչուհիներից՝ Ֆ.Պալդոտը, Գ. Սիմոնարը, երգիչներից՝ Ս. Իսլանդին, Ֆ. Վեյսգապելը, դաշնակահարներից՝ Ա. Բեյնտենենսոնը: Ռեյկյավիկում գործում են Իսլանդական պետ. սիմֆոնիկ նվագախումբը (հիմն. 1950), երգչախմբեր, կամերային անսամբլներ, երաժշտական ընկերություններ:

XV. Թատրոնը

XIX դ. 2-րդ կեսից գործել են սիրողական թատերախմբեր: 1897-ին ստեղծվել է Ռեյկյավիկի թատերական ընկերությունը, որ բեմադրել է իսլանդական խոշոր դրամատուրգներ Գ. Կամբանի, Է. Կվարանի և ուրիշների պիեսները: 1950-ին ընկերության բազայի վրա ստեղծվել է Ազգային թատրոնը, որտեղ տրվում են դրամատիկական և երաժշտական ներկայացումներ: Նշանակալի երևույթ են Հ. Կ. Լաքսնեսի պիեսների բեմադրությունները: Խաղացանկում են նաև Հ. Իբսենի, Բ. Շոուի, Ա. Ստրինդբերգի, Ա. Չեխովի, Ա. Արբուզովի և ուրիշների երկերը: Թատերարվեստի գործիչներից են՝ Ի. Վոգեն, Լ. Պաուլսոնը, Խ. Բյոռնսոնը:

Գրկ. Серебренный Л.Р., Исландия, М., 1969 Бенедиктссон Г., Исландия в борьбе за независимость (1940—՛ 1955), пер. с исл,, М., 1958 Кристьянс-с о н С., Великая Октябрьская социалистическая революция и Исландия, пер. с дат.М., 1957 Андерссон К. Е., Современная исландская литература. 1918—1948, пер. с исл.1 М.» 1957 Стеблип-Каменский М. И., Мир саги, Л., 1971 Колли Н., Архитектура Исландии, в сб., Советская архитектура, 12, М., 1960 Griffiths I.G., Modern Island, L., 1969.