Jump to content

ՀՍՀ/ԻՍՄԻՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՄԻՅԱՆ Տիգրան Արթինի (հեղափոխական կեղծանունը՝ Չիչո, բուլղ. «քեռի», 15.3.1859, Ադրիանուպոլիս —13.6. 1931, Պլովդիվ), բուլղարական բանվորական և կոմունիստական շարժման հայազգի գործիչ: ԲԿԿ-ի անդամ 1894-ից: Մասնագիտությամբ փաստաբան: Բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզում: Հեղափոխական գործունեությունն սկսել է Պլովդիվում՝ 1896-ին: Տիրապետելով մի շարք լեզուների՝ Ի. քաղաքի բազմազգ պրոլետարիատի շրջաններում հանդես է եկել մարքսիզմին, պատմությանը և իրավաբանությանը նվիրված դասախոսություններով, կազմակերպել ցույցեր ու գործադուլներ, խմբագրել քաղ. թռուցիկներ: Սերտ կապեր է ունեցել Դ. Բլագոևի և Հ.Կոլարովի հետ: Վերջինիս հետ Պլովդիվում բացել է փաստաբանական գրասենյակ, որը քաղաքում դարձել էր մարքսիստական մտքի կենտրոնը: Աշխատակցել է Դ. Բլագոևի խմբագրած «Նովո վրեմե» («Ново време») ամսագրին և բուլղար կոմունիստների օրգան «Ռաբոտնիչեսկի վեստնիկ» («Работнически вестник») թերթին: 1910—18-ին Ի. ընտրվել է ԲԲՍԴ (տեսնյակներ) կուսակցության կենտրոնական և օկրուգային կոմիտեների անդամ: 1918-20-ին բազմիցս ելույթներ է ունեցել բուլղարահայ աշխատավորների առջև՝ դատապարտելով մեծ տերությունների իմպերիալիստական քաղաքականությունը հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ: Բուլղարիայի 1923-ի սեպտեմբերյան ապստամբության նախօրյակին Ի. ձերբակալվել է և նետվել Պլովդիվի բանտը: Զրկված լինելով փաստաբանական գործունեության իրավունքից՝ նա կյանքի վերջին տարիներն անցկացրել է կարիքի և զրկանքների մեջ:

Ռ. Խաչատրյան