Jump to content

ՀՍՀ/ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (մ. թ. ա. 928—722), հնագույն պետություն Հյուսիսային Պաղեստինում: Կազմավորվել է Իսրայել-Հուդայի միասնական թագավորության տրոհումից հետո: Հիմնադիրն էր Հերոբովամ I (մ. թ. ա. մոտ 928—907), որի ժամանակ Ի. թ. գտնվել է տնտ. և քաղ. զարգացման բարձր մակարդակի վրա: Ըստ ավանդության, Ի. թ. միավորել է իսրայելա-հուդայական 12 ցեղերից 10-ին և զբաղեցրել ավելի մեծ ու բերրի տարածություն, քան հվ-ում գտնվող Հուդայի թագավորությունը: Սկզբնապես Ի. թ-յան մայրաքաղաքը եղել է Սյուքեմը (Շեհեմ, այժմյան Նաբլուսը), Հերոբովամ I-ի ժամանակ՝ Թերսան: Հողագործության, արհեստների, անասնապահության, միջնորդային առևտրի զարգացումը (Ի. թ. և Հուդայի թագավորությունը գտնվել են միջազգային առևտրի գլխավոր ճանապարհների վրա) և դրամական շրջանառությունը հանգեցրել են հասարակական խիստ շերտավորման, միջին և մանր հողատերերի հողազրկման, վաշխառության և պարտային ստրկության զարգացման: Ի. թ. տնտ. և մշակութային սերտ կապեր է ունեցել Փյունիկիայի, Եգիպտոսի և այլ երկրների հետ: Հարևան երկրների, այդ թվում և Հուդայի թագավորության հետ անընդհատ պատերազմները տնտեսապես թուլացրել են Ի. թ.՝ միաժամանակ մեծացնելով ռազմ, ավագանու դերը: Հերոբովամ I-ի մահից հետո գահն անցել է ձեռքից ձեռք: Սեծացել է բանակի ազդեցությունը, որի զորահրամանատարները հաճախ կատարել են պետ. հեղաշրջումներ և նվաճել իշխանությունը: Սակայն Ամրի թագավորի (մ. թ. ա. մոտ 882-871), Աքաաբի (մ. թ. ա. մոտ 871—851) ժամանակ Ի. թ-յան քաղ. և տնտ. վիճակը կայունացել է: Ամրին հիմնել է Ի. թ-յան նոր մայրաքաղաք Սամարիան (մ. թ. ա. մոտ 876): Ամրապնդվել են ի. թ-յան, Հուդայի թագավորության և Փյունիկիայի տնտ. և քաղ. կապերը: Առավել երկարատև է եղել Հեուի (մ. թ. ա. 841—814) հիմնած դինաստիայի կառավարումը (մ. թ. ա. մոտ 841—747): ժող. զանգվածների շահագործման ուժեղացման և ստրկացման հետեվանքով փոքրացել էր բնակչության այն խավերի թիվը, որոնցից կազմված էր բանակը, թուլացել էր երկիրը: Մ. թ. ա. 722-ին Ասորեստանի թագավոր Սարգոն II կործանել է Սամարիան և նվաճել Ի. թ-յան տարածքը: Բնակչության զգալի մասը գաղթեցվել է Ասորեստանի հեռավոր նահանգները:

Գրկ. Никольский Н.М., Древний Израиль, 2 изд., М., 1922 Ранович А.Б., Очерк древнееврейской религии, М., 1937 Кры велев И.А., Книга о Библии, М., 1958.