ՀՍՀ/ԻՎԱՆՈ-ՖՐԱՆԿՈՎՍԿ
ԻՎԱՆՈ-ՖՐԱՆԿՈՎՍԿ (մինչև 1962-ը՝ Ատանիսլավ), քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Իվանո-Ֆրանկովսկի մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Նախակարպատներում: 142 հզ. բն. (1977): Երկաթուղային և խճուղային հանգույց է: Կան թեթև, սննդի, փայտամշակման, մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ, դողերի նորոգման, քիմ., երկաթբետոնե իրերի, աղյուսի, ապակու-հայելու գործարաններ, նավթի ու գազի, բժշկ., մանկավարժական ինստ-ներ, 5 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, երաժշտական-դրամատիկական, տիկնիկային թատրոններ, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան, ճարտ. հուշարձաններ: Հիմնադրվել է 1662-ին: 1772-ից եղել է Ավստրիայի կազմում, 1867-1918-ին՝ Ավստրո-Հունգարիայի իշխանության ներքո: 1918-ի դեկտեմբերից 1919-ի մայիսը բուրժ. Ուկրաինայի մայրաքաղաքն էր: 1939-ի սեպտեմբերից՝ ՈՒՍՍՀ կազմում: Ի-Ֆ. է կոչվել ի պատիվ ուկր. ցրող Իվան Ֆրանկոյի: Առաջին հայերը Ի-Ֆ-ում հաստատվել են 1663-64-ին: 1677-88-ին այստեղ գոյություն է ունեցել առանձին հայկ. քաղաքային վարչություն՝ վոյթի (դատավորի) գլխավորությամբ, ավագների խորհուրդ, դատարան «40-ի կոլեգիա» կամ «քառասուն աղբարք» (1703-ից): 1665-ից գործել է հայկ. թեմ: 1688-ից գոյություն ուներ հայկ. եղբայրություն (ազգ., կրոնական, հասարակական կազմակերպություն), մինչև 1803-ը գործոււք էր հանրային դրամատուն-լոմբարդը: Ի-Ֆ-ում 1704-ին ապրում էր 460 հայ, 1793-ին՝ 102 հայկ. ընտանիք: XIX դարից աստիճանաբար սկսում է նվազել հայերի թիվը: Միջնադարյան քաղաքում կար հայկ. փողոց, իսկ քաղաքի պարիսպներն ունեին հայկ. դարպասներ: XVIII դարից հայերը նպաստեցին մանուֆակտուրային արտադրության զարգացմանը, աշխուժացրին առևտուրը Արևելյան Ուկրաինայի, Մոլդավիայի և Վալախիայի հետ: Քաղաքում կային առանձին հայկ. համքարություններ: Ի-Ֆ-ում երկար տարիներ ապրել և ստեղծագործել է բանասեր Ստեփանոս Ռոշքան, այստեղ են ծնվել պատմաբաններ Ֆ. Զախարիասևիչը և Բարոնչ Սադոկը: Առայսօր կանգուն է հայկ. եկեղեցին (կառուցված 1743—63-ին):
Գրկ. Грабовецкий В., Армянская колония в Станиславе в XVII—XVIII вв., «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1958, 6: Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1972: Յա. Դաշկևիչ
