ՀՍՀ/ԻՏԱԼԱՑԻՆԵՐ
ԻՏԱԼԱՑԻՆԵՐ, ազգ, Իտալիայի հիմնական բնակչությունը: Թիվը Իտալիայում՝ մոտ 54 մլն մարդ (1971): Ապրում են նաև Եվրոպայի այլ երկրներում (ավելի քան 2,5 մլն), Ամերիկայում (մոտ 7 մլն), Հյուսիսային Աֆրիկայում (մոտ 200 հգ.), Ավստրալիայում (ավելի քան 200 հգ.), ոչ մեծ քանակությամբ՝ նաև Ասիայի երկրներում: Խոսում են իտալերեն: Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են: Մ. թ. ա. I հազարամյակում Ապենինյան թերակղզու բնակիչները հիմնականում եղել են իտալ. ցեղերը, որոնցից լատինները մ. թ. ա. VI —II դդ. իրենց են ենթարկել մյուսներին, թերակղզու հս-ում բնակվող էտրուսկներին, լիգուրներին, վենետներին, կելտերին, իսկ հվ-ում, Սիցիյիայում, Սարդինիայում և Կորսիկայում՝ հույներին, կարթագենցիներին և սիկուլներին: I—II դդ. թերակղզու ողջ բնակչությունը արդեն խոսում էր, այսպես կոչված, ժող. լատիներենով: Մ. թ. առաջին դդ. Ապենինյան թերակղզու ռոմանականացված ցեղերն սկսում են խառնվել տարբեր ծագման ստրուկների, իսկ V—VI դդ.՝ գերմ. ցեղերի (վեստգոթեր, վանդալներ, օստգոթեր, անգոբարդներ) հետ: VI—X դդ. Իտալիայի որոշ մարզեր նվաճում են բյուզանդացիները, ֆրանկները, արաբները, հունգարները, նորմանները և միախառնվում իտալ. բնակչության հետ, որի ընթացքում ձևավորվում են իտալ. ազգությունը և ժող. լեզուն: Իտալ. ազգի կազմավորումն ավարտվել է XIX դ. 2-րդ կեսին՝ Իտալիայի քաղ. միավորման և կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետևանքով: Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Իտալիա հոդվածում:
