Jump to content

ՀՍՀ/ԻՏԱԼԱ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1848—1849

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՏԱԼԱ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1848—1849, ավստրիական տիրապետությունից Իտալիան ազատագրելու համար պատերազմ, որը սերտորեն կապված էր 1848-1849-ին իտալական պետություններում ծավալված բուրժուական հեղափոխության հետ (տես Իտալական բուրժուական հեղափոխություն 1848—49): 1848-ի մարտին ժող. ապստամբության հաղթանակի հետևանքով ավստ. զորքերը վտարվեցին Լոմբարդիայից և Վենետիկից (Ավստրիայի իշխանության տակ էին գտնվում 1815-ից): Մարտին Սարդինիայի (Պիեմոնտի) թագավոր Կարլ Ալբերտը պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ: Սակայն իտալ. պետությունների կառավարող շրջանների և անձամբ Կարլ Ալբերտի դավաճանական քաղաքականության (վախենում էին հեղափոխական շարժման խորացումից) հետևանքով իտալ. զորքերը 1848-ի հուլիսի 25-ին Կուստոցայի մոտ պարտվեցին: Օգոստ. 6-ին ավստ. զորքերը մտան Միլան, իսկ 3 օր անց Կարլ Ալբերտը զինադադար կնքեց, որը առաջ բերեց մասսաների դժգոհությունը: Լոմբարդիան նորից միացվեց Ավստրիային: Հեղափոխական նոր վերելքը Կարլ Ալբերտին ստիպեց 1849-ի մարտի 20-ին վերսկսել ռազմ. գործողությունները: Սակայն արդեն մարտի 23-ին Նովարայի գլխավոր ճակատամարտում իտալ. զորքերը գլխովին ջախջախվեցին: Կարլ Ալբերտը փախավ Իտալիայից: Նրա որդի Վիկտոր Էմանուել II մարտի 26-ին զինադադար կնքեց: Ավստ. զորքերը նորից օկուպացրին Լոմբարդիան և Վենետիկը: Օգոստ. 6-ին Միլանում կնքվեց հաշտություն, որով Սարդինիայի թագավորությունը Ավստրիային վճարեց 65 մլն ֆրանկ ռազմատուգանք: