ՀՍՀ/ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ-իրանական ճյուղին պատկանող ցեղակից լեզուների խումբ: խոսվում են Իրանում, Աֆղանստանում, մասամբ՝ Պակիստանում, Իրաքում, Հնդկաստանում, Չինաստանում, ՍՍՀՄ-ում (Տաջիկստան, Օսեթիա, Անդրկովկասի և Թուրքմենիայի որոշ շրջաններ): Տարբերում են հին (մ. թ. ա. երկրորդ հազարամյակից մինչև IV-III դդ., եդերեն, ավեստայի լեզու, հին պարսկերեն, սկյութերեն), միջին մ. թ. ա. IV—III դդ. մինչև մ. թ. VIII—IX դդ., միջին պարսկերեն (պահլավերեն), պարթևերեն, բակտրերեն, սոգդերեն, խորեզմերեն, սակերեն, միջին օսերեն (ալաներեն)նոր սկսած VIII—IX դդ., նոր պարսկերեն, տաջիկերեն, թաթերեն, աֆղաներեն (Փուշտու), բելուջերեն, քրդերեն, օսերեն, պամիրյան բարբառներ, յաղնոբերեն, թալիշերեն ևն) Ի. լ.: Ըստ հնչյունական որոշ հատկանիշների (հին իրանական b, g, d պայթականների շփականացում, բառասկգբի հ-ի անկում կամ դրանց պահպանում) Ի. լ. բաժանվում են երկու խմբի՝ արևելյան և արևմտյան, որոնք ունեն իրենց ստորակարգումները: Ի. լ. հնդեվրոպական լեզվաընտանիքում աչքի են ընկնում ձևաբանական համակարգի հնատիպ գծերով: Երկար ժամանակ համեմատական լեզվաբանության մեջ ճշգրիտ թվագրությամբ հնագույն տեքստերը համարվել են հին պարսկերենով վիմագիր արձանագրությունները (մ. թ. ա. VI—IV դդ.), որոնք նաև Ի. լ-ով ամենահին գրավոր աղբյուրներն են: Հին և միջին Ի. Լ-ի տվյալները արժեքավոր են նաև հայոց լեզվի պատմության որոշ հարցեր լուսաբանելու համար: Ըստ Հ. Աճառյանի, հայերենի մոտ 1400 արմատ ունի իրանական ծագում: Հնդկական լեզուների հետ Ի. լ-ի ընդհանրությունների հիմք են տվել այդ լեզվախմբերը ներկայացնելու մեկ լեգվաճյուղի մեջ՝ իբրև հնդ-իրանական ճյուղ: Հին Ի. Լ-ին բնորոշ է եղել ձայնավորների քանակային (տևողության՝ երկար, կարճ) տարբերությունը, որը հետագայում, հատկապես նոր իրանականում, թուլացել կամ վերածվել է հակադրության այլ տիպի: Որոշ Ի. լ-ում (աֆղաներեն, բելուջերեն ևն) ներդարձիկ, իսկ օսերենում՝ կոկորդային պայթական բաղաձայնների առկայությունը մեկնաբանվում է տեղական ենթաշերտով: Շեշտը հին Ի. լ-ում նախավերջին, նոր Ի. լ-ում վերջին վանկի վրա է: Հին Ի. լ-ի թեքական կաոուցատիպը հիմնականում փոխարինված է վերլուծականով: Վերացել է երկակիի ենթակարգը, սեռի կարգը դրսևորվում է քիչ լեզուներում: Երբեմնի ութ հոլովի փոխարեն կա 2-3 հոլով կամ բոլորովին չկա: Օսերենում առկա 9 հոլովները նորակազմության արդյունք են: Հարուստ է բայական խոնարհումը: Պարսկերենին, տաջիկերենին, քրդերենին հատուկ է իզաֆետայհն կառուցվածք: Օգտագործել են սեպագիր, տառահնչյունային (պարսկա-արամեական, պահլավական), ապա՝ արաբագիր այբուբեն: ՍՍՀՄ-ում գործածվում է ռուսագիր այբուբեն:
Գրկ. Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 1, Ե., 1940: Опыт сторико типологического исследования иранских языков, т. 1—2, М., 1975.
Հ. Պետրոսյան
