ՀՍՀ/ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ), ստեղծվել է 1920-ի հունիսին «Ադալետ» ս-դ. կուսակցության համագումարում: Կուսակցության ծրագիրը խնդիր էր դրել ազատագրել իրանը իմպերիալիստական գերիշխանությունից, վերացնել միապետական վարչակարգը, չեղյալ հայտարարել 1919-ի անգլո-իրանական ստրկական պայմանագիրը, վերացնել խոշոր ֆեոդալական հողատիրությունը: Համագումարից հետո ԻԿԿ մտավ Կոմինտերն: 1920-ին ձախ տարրերի ազդեցությամբ ԻԿԿ ղեկավարությունը թույլ տվեց մի շարք սխալներ: Նույն թվականին ավանտյուրիստական տարրերը վտարվեցին ԻԿԿ ԿԿ-ից և ընտրվեց ԿԿ-ի նոր կազմ: Իրանի կոմունիստները մասնակցել են Իրանի 1920—22-ի ազգային-ազատագրական շարժմանը: Ռեզա-շահ Փահլավիի իշխանության գլուխ անցնելուց (1925) հետո ԻԿԿ ենթարկվեց հալածանքների: ԻԿԿ երկրորդ համագումարը (կայացել է անլեգալ, 1927-ին) ընդունեց նոր ծրագիր ու կանոնադրություն: 1929—31-ին ԻԿԿ ղեկավարել է երկրում ծավալված գործադուլային շարժումները: 1931-ին կառավարությունը հատուկ օրենքով արգելեց կոմունիստների գործունեությունը: Կուսակցության շատ ակտիվիստներ և ԿԿ-ի անդամների մեծ մասը ձերբակալվեցին: 1934-ից Թաղի Էրանիի ղեկավարությամբ ԻԿԿ նորից ակտիվացրեց իր գործունեությունը: 1937-ին կուսակցությունը ենթարկվեց նոր հալածանքների, կուսակցական և արհմիութենական կազմակերպությունները ջախջախվեցին, ակտիվ գործիչները բանտարկվեցին, 1940-ին բանտում սպանվեց էրանին: ԻԿԿ-յան ժառանգորդը և գործի շարունակողը դարձավ 1941-ին ստեղծված Իրանի ժողովրդական կուսակցությունը:
