Jump to content

ՀՍՀ/ԼԱԲԻԼՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԲԻԼՈՒԹՅՈՒՆ (լատ. labilis—անհաստատ, անկայուն), ֆունկցիոնալ շարժունություն, նյարդային և մկանային հյուսվածքների ֆունկցիոնալ ակտիվությանն ուղեկցող տարրական ռեակցիաների արագությունը: «Լ.» հասկացությունը սահմանել է ռուս ֆիզիոլոգ և Ե. Վվեդենսկին (1886), ըստ որի որպես Լ-յան չափ ընդունվում է գործողության պոտենցիալների այն առավելագույն քանակը, որ կարող է տվյալ հյուսվածքում առաջանալ մեկ վայրկյանի ընթացքում՝ գրգռման ռիթմին խիստ համապատասխան: Լ-յան չափը հակադարձ համեմատական է բացարձակ անդրդելիության (ռեֆրակտերության) փուլին: Ռիթմիկ շարքում որպեսզի բոլոր գրգիռներն առաջացնեն դրդում, անհրաժեշտ է, որ գրգիռների միջև ընկած ժամանակահատվածը մի փոքր երկար լինի բացարձակ անդրդելիության տևողությունից, որպեսզի հյուսվածքը կարողանա ձեռք բերել նորից դրդվելու ունակություն: Օրինակ, տաքարյուն կենդանիների շարժիչ նյարդաթելերի բացարձակ ռեֆրակտեր փուլը տևում է մոտ 0,45 վրկ, բայց նրանք կարող են 1 վրկ-ում դրդվել ընդամենը 1000 անգամ: Լ-յան չափը ավելի փոքր է մկանում, ապա սինապսում: U. U. Ուխտոմսկին ցույց է տվել, որ Լ. կարող է մեծանալ ռիթմիկ գրգռման ընթացքում, այսինքն՝ հյուսվածքը կարող է ձեռք բերել ավելի մեծ դրդման ռիթմ վերարտադրելու հատկություն: Այս երևույթը կոչվում է ռիթմի յուրացում: Լ-յան տեսությունը Ն. Վվեդենսկուն հնարավորություն տվեց հետագայում մշակելու պարարիոզի ուսմունքը: Լ-յան տեսությունը կարևոր է նյարդային գործունեության մեխանիզմները, նյարդային կենտրոնների և անալիզատորների աշխատանքը նորմայում և հիվանդությունների շրջանում բացատրելու համար:

Վ. Գրիգորյան