ՀՍՀ/ԼԱԲԻՐԻՆԹԱԲՈՐԲ
ԼԱԲԻՐԻՆԹԱԲՈՐԲ, ներքին ականջի հիվանդություն: Պատճառները միջին ականջի, ուղեղապատյանների բորբոքային պրոցեսներն են: Վարակը ներքին ականջ կարող է թափանցել նաև արյան միջոցով: Լ. ըստ բորբոքման բնույթի լինում է շճային կամ թարախային, ըստ տեղակայման՝ սահմանափակ կամ տարածուն: Հիմնական ախտանշանները՝ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում (գլխի դիրքը փոխելիս), աղմուկ ականջներում և հավասարակշռության խանգարումներ: Տարածուն թարախային Լ-ի դեպքում վերոհիշյալ երևույթներն առավել արտահայտված են: Ախտահարված ականջի հավասարակշռության և լսողության ֆունկցիան լրիվ ընկնում է: Շճային Լ-ի դեպքում նկատվում է հավասարակշռության ֆունկցիայի ընկճում կամ գրգռում, լսողության տարբեր աստիճանի թուլացում, ակնաշարժ: Սահմանափակ Լ. ի հայտ է գալիս պարբերաբար, նոպայաձև: Առաջանում է ակնաշարժ, գլխապտույտ: Բուժումը, հիվանդի անհապաղ հոսպիտալացում, խիստ անկողնային ռեժիմ, անտիբիոտիկներ: Ծանր դեպքերում՝ վիրահատություն:
