Jump to content

ՀՍՀ/ԼԱԲՐԱԴՈՐ ԹԵՐԱԿՂԶԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԲՐԱԴՈՐ (Iabrador, պորտուգ. Iav-rador—հողագործ), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքում (Կանադայում): Տարածությունը 1,6 մլն կմ² է: Կազմված է մինչքեմբրյան ապարներից, Կանադական վահանի մասն է: Ունի բլրային մակերևույթ, պահպանվել են անթրոպոգենի սառցապատման հետքեր: Գերակշռում են 200—800 մ բարձրությունները, առավելագույնը՝ 1676 մ (Սերկ լեռ): Կան երկաթի, նիկելի և պղնձի հանքավայրեր: Կլիման մերձարկտիկական է և բարեխառն: Տարածքի մեծ մասում գերակշռում է բազմամյա սառածությունը: Գետերը սահանքավոր են: Շատ են լճերն ու ճահիճները: Բուսածածկույթում տիրապետում են անտառատունդրան և նոսր անտառները, հվ-ում՝ տայգան սաղարթավոր ծառատեսակների հետ: Կենդանիներից տարածված են կզաքիսը, աղվեսը, լուսանը, մշկամուկը: Արդյունահանում են երկաթ: Կա մորթիների և ձկան արդյունագործություն: Նշանավոր քաղաքներն են Շեֆերվիլը, Սեթ Իլը, Ֆորտ Շիլքոն, Լաբրադոր Սիթին: