ՀՍՀ/ԼԱԲՐԻՈԼԱ
ԼԱԲՐԻՈԼԱ Անտոնիո (2.7.1843, Կասսինո —2.2.1904, Հռոմ), իտալացի փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան և պրոպագանդիստ: Ավարտել է Նեապոլի համալսարանը: 1874-ից՝ գործնական Փիլիսոփայության և մանկավարժության պրոֆեսոր Հռոմի համալսարանում: 1890-ական թթ. սկզբներին ծանոթանալով Կ. Մարքսի աշխատություններին՝ ձախ հեգելականությունից և հերբարթականությունից անցել է մարքսիզմին: Նամակագրական կապ է ունեցել Ֆ. Էնգելսի հետ: Մասնակցել է իտալ. և միջազգային բանվորական շարժումներին: Քննարկել է պատմական մատերիալիզմի պրոբլեմները, զարգացրել դասակարգերի, պատմության մեջ ժողովրդի ու անհատի դերի, պետության, հեղափոխության և այլ հարցեր: Լ-ի հայացքներում կան որոշ հակասություններ ու սխալներ: Նա թերագնահատել է պրոլետարիատի դիկտատուրայի ուսմունքը, բանվոր դասակարգի և նրա դաշնակիցների հետ պրոլետարիատի կուսակցության փոխհարաբերության նշանակությունը, ճիշտ չի ըմբռնել ազգային հարցը:
