ՀՍՀ/ԼԱԴ
ԼԱԴ (սլավ, лад, համաձայնեցվածություն, կարգավորվածություն) ձայնակարգ, հնչյունների բարձրությունների և նրանց որակապես դիֆերենցված հարաբերությունների աբստրահված համակարգը: Գործնականորեն արտահայտվում է նրանց շարքի միջոցով (տես Գամմա), որի աստիճաններից մեկը հանդես է գալիս որպես կայուն հենակետ (տոնիկա) և դեպի իրեն ձգում մնացած՝ անկայուն և համեմատական կայուն աստիճանները (երևույթը կոչվում է լադային ձգտողականություն): Բոլոր աստիճանների փոխներգործությամբ որոշակի է դառնում նրանցից յուրաքանչյուրի լադային անկրկնելի ֆունկցիան: Հարմոնիայի վրա հիմնված երաժշտության մեջ՝ որպես լադային ֆունկցիաների կրողներ՝ հանդես են գալիս լադի համահնչյունները (ըստ այնմ առաջանում էլադա-հարմոնիկ ձգտողականություն, տես Ներդաշնակություն): Երաժշտական երկի ընդհանուր բնույթը շատ բանով կախված է նրա հիմքում ընկած լադի արտահայտչական բնույթից, որը, իր հերթին, դրսևորվում է այդ լադի դինամիկական (լարվածության ալիքներ գոյացնելու) և գունային (երաժշտությունն այս կամ այն կերպ «երանգավորելու») պոտենցիալ կարողություններով: Լադը ձևավորվել է հնչող երաժշտության մեջ հանրային երաժշտական գիտակցության ներգործությամբ և այդ երաժշտության զարգացման հետ կատարելագործվել է: Լադերի զարգացումը հնչյունների նորանոր հարաբերություններ հայտնաբերելու պրոցես է, որ տեղի է ունենում համակարգում ընդգրկվող միավորների քանակի ավելացման և դրանց համաձայնեցվածության ձևերի բարդացման միջոցով: Լադի էվոլյուցիայի շարժիչ ուժը երաժշտության ինտոնացիոն կարգի՝ ժամանակի ընթացքում անխուսափելի նորացումն է: Աշխարհի ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ լադերի տեսակները խիստ բազմազան են, բայց դրանք հիմնված են հնչյունային նյութի (դիատոնիկ շարքի) օգտագործման մի քանի գլխավոր սկզբունքների վրա՝ անհեմիտոն (անկիսատոն) և հեմիտոն, օկտավային և ոչ օկտավային, քրոմատիկ և միկրոքրոմատիկ (կիսատոնից փոքր տարածություններով): Սահմանափակ են օկտավային շարքի ոչ դիատոնիկ (5 կամ 7 համեմատաբար հավասար մասերի) բաժանման դեպքերը (Արևելյան Ասիայի ժողովուրդների մոտ): Ժողովրդական երաժշտության լադերի տեղային («ազգային») ինքնատիպության համար էական է նաև հնչյունաշարերի տեմպերացիայի յուրահատկությունը: Արևմտաեվրոպական երաժշտության լադային էվոլյուցիայի գլխավոր փուլերը (հին-հունական լադերի կատարելագործումից հետո) ներկայացնում են՝ միջնադարյան լադերը և մաժորն ու մինորը իրենց առանձին և միավորված համակարգերով: Դրանք զարգացման բարձր աստիճանի են հասել համապատասխանաբար, Վերածնության դարաշրջանի պոլիֆոնիկ արվեստում և XVII—XIX դդ. դասական երաժշտության մեջ: XIX դ. վերջից օգտագործվում են քրոմատիկ շարքի բոլոր հնչյունների ինքնուրույնացման տոնայնական և ատոնալ սկզբունքները: Լադերի կոնստրուկտիվ և արտահայտչական հատկանիշների տեսությունը սկիզբ է առել դեռես Հին Աշխարհի երկրներում և միշտ գտնվել է երաժշտատեսական մտքի կենտրոնում: Այդ առումով նշանակալից նվաճումներ ունի սովետական երաժշտագիտությունը: Հայ մոնոդիկ երաժշտության մեջ գործում է բագմադարյա ավանդույթ ունեցող և մանրամասնորեն մշակված ոչ-օկտավային լադերի բագմաճյուղ համակարգ, որը մեկնաբանված է Հ. Լիմոնճյանի, Ն. Թաշճյանի, Կոմիտասի, Ք. Քուշնարյանի և այլոց աշխատություններում: (Տես նաև Մաժոր, Մինոր, Տոնայնություն, Ալտերացիա):
Գրկ. Мазель Л. А., РЫЖКИН И. Я., Очерки по истории теоретического музыкознания, в. 1-2, 1934-39 Грубер Р. И., История музыкальной культуры, т. 1, ч.1, М., 1941 Кушяарев X. С, Во ո росы истории и теории армянской монодической музыки, Л., 1958 Проблемы лада (Сборник статей), М., 1972.
Ռ. Աթայան
