ՀՍՀ/ԼԱԴՈԳԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԴՈԳԱ (մինչև XIII դարը՝ Նևո), լիճ ՍՍՀՄ եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում: Եվրոպայի ամենամեծ լիճն է: Տարածությունը 18135 կմ² է (կղզիների հետ միասին), միջին խորությունը՝ 51 մ, առավելագույնը՝ 230 մ: Հս. ափերը բարձր են, ժայռոտ, հարավայինը՝ ցածրադիր, տափարակ: Լճում կա մոտ 660 կղզի: Խոշորներն են՝ Մանտսինսարին, Ռիսկալանսարին, Վալամը: Լ. սառցակալում է դեկտեմբերից փետրվար, սառցազերծվում՝ մարտ-ապրիլին: Ընդունում է Վոլխով, Սվիր, Վուոկսա և այլ գետեր, արտահոսում է Նևան: Գլխավոր նավահանգիստներն են Պետրոկրեպոստը, Պրիօզյորսկը, Սորտավալան, Ավիրիցան: 1941—45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լճի սառույցների վրայով անցկացված ավտոմոբիլային ճանապարհը մեծ դեր խաղաց Լենինգրադի պաշտպանության ու մատակարարման գործում:
