ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ
ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ (Ղազարյաններ, Աղազարյաններ, Եղիազարյաններ, Լազարևներ), հայ ազնվականական տոհմ Ռուսաստանում: Ծագումով՝ Նախիջևանի գավառի Դաշտ գյուղից: Տոհմին իր անունը տված Ղազարի որդի խոշա Մանուկը 1605-ին գաղթել է Սպահան, իսկ 1656-ին՝ հաստատվել Նոր Զուղայի Դաշտ թաղամասում: Լ. կարևոր դեր են խաղացել Նոր Ջուղայի հայոց կյանքում: Մանուկի որդի Աղագարը կառուցել է կուսանոց և մի շարք շինություններ Ս. Լուսավորիչ եկեղեցում: Լինելով մեծահարուստ վաճառականներ՝ Լ. առևտրական կապեր են ունեցել Ռուսաստանի հետ և խոշոր դեր խաղացել Պարսկաստանի տնտ. կյանքում: Ռուսաստանում Լ-ի նախահայր և տոհմի հիմնադիր Ա. Նազարյանը 1747-ին իր եղբայրներ ու գործընկերներ Հարությունի և Մանուկի հետ հաստատվել է Աստրախանում, իսկ 1749-ին՝ տեղափոխվել Մոսկվա: Ռուսաստանում Լ. գնել են կալվածներ, գործարաններ, աղահանքեր, կառուցել Կիզելի, Պոլազնինոյի գործարանները ևն, դարձել Ռուսաստանի մեծահարուստ կալվածատեր-արդյանաբերողներից: 1774-ին, Եկատերինա II-ի հրամանագրով Լ-ին շնորհվել է ռուս. ժառանգական ագնվականի տիտղոս: Մոտ կանգնած լինելով ռուս. արքունիքին՝ Լ. սատարել են հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը, Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու գործին: Առանձնակի ուշադրության են արժանի Հ. Ա. Նազարյանի և Խ. Հ. Նազարյանի ծրագրերը: Լ. կարևոր դեր են խաղացել նաև պարսկահայերի գաղթի կազմակերպման և իրագործման խնդրում, որով նպաստել են Արևելյան Հայաստանը հայ ազգահավաքման կենտրոն դարձնելուն (տես Լազարյան Ե. Հ.): Մեծ է եղել Լ-ի դերը նաև հայ մշակույթի և լուսավորության զարգացման գործում: 1815-ին հիմնադրել են Լազարյան ճեմարանը, այնուհետև՝ ճեմարանին առընթեր տպարանը, (1829), հայկ. և ռուս, դպրոցներ ևն: 1871-ին Խաչատուրի և Եղիազարի մահվամբ հանգավ Լ-ի արական ճյուղը: Կայսերական 1873-ի հատուկ հրամանագրով Լ-ի ազգանունը փոխանցվեց Խ. Լազարյանի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ իշխան Սեմյոն Դավթի Աբամելիքին, որով և Աբամելիքները սկսեցին անվանվել Աբա-մելիք-Լազարյաններ: Սակայն Ս. Ս. Աբա-մելիք-Լագարյանի (1851—1916) մահվամբ հանգավ նաև Աբամելիք-Լագարյանների տոհմը:
Գրկ. Մսերյանց Մ., Հիշատակարան կենաց և գործոց մեծանուն պայազատաց Լազարյան տոհմի, Մ., 1856: Թաղեոսյան Ե., Պատմություն Լազարյան տոհմի և Լազարյան ճեմարանի, Վնն., 1953: Վ. Դիլոյան
