ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱԶԱՐԻ
ԼԱԶԱՐՅԱՆ Հովհաննես Աղազարի (23.11. 1735, Նոր Ջուղա—24.10.1801, Պետերբուրգ), հայ ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերա-կալվածատեր: Օգտագործել է ռուս. արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը: Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը: Կազմել և ռուս. կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լագարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը: Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը: Լ-ի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լագարյան ճեմարանը, ռուս. օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում: Լ. կառուցել է նաև Կիգելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները: 1786-ին ավստր. կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788-ին՝ գրաֆի տիտղոս: Վ.Դիլոյան
