Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԹԱՏՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԹԱՏՐՈՆ, 1858 ի դեկտեմբերին Լազարյան ճեմարանի և Մոսկվայի համալսարանի հայ, ինչպես և ռուս ու վրացի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է հայկական թատրոն: Հիմնադիրներից էին Վ. Շահխաթունյանը, Մ. Տեր-Գրիգորյանը, Մ. Մանդինյանը, Ա. Տիշմիշյանը, Հ. Գուրգենբեկյանը, Ն. Ալադաթյանը, Դ. Երիցփոխյանը, Ս. Շահազիզը, Գ. Քուչարյանը, Ն. Փոլդինյանը, Մ. Բուրջալյանը: Ճեմարանում սովորելու տարիներին նրա թատերական կյանքին ակտիվորեն մասնակցել է Կ. Մ. Ալեքսեևը (Կ. Ս. Ստանիսլավսկին): Ներկայացումները տեղի էին ունենում ճեմարանի դահլիճում, Սեկրետարյովի թատրոնում, ինչպես և մասնավոր տներում: Ուսանողական թատրոնը բացվել է 1859-ի հունվ. 27-ին, Մ. Ստեփանյանի առանձնատան դահլիճում: Ներկայացվել են Ս. Վանանդեցու «Արիստակես» («Ներսես Մեծ») ողբերգությունը և Ն. Ալադաթյանի «Վայ իմ կորած հիսուն ոսկին» կատակերգությունը: Թատրոնի գոյության միայն առաջին տասնամյակում (1859—68) խաղացված շուրջ երեսուն պիեսների գերակշռող մասի հեղինակները Լազարյան ճեմարանի ուսանողներ էին: Բեմադրվել են Ս. Շահազիզի «Կռվարար-Կիրակոս», Մ. Տեր-Գրիգորյանի «ժլատ», Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո», Ա. Քիշմիշյանի «Քաղքի ադաթը փոխվիլ է», Գ. Երիցփոխյանի «Հնարագետ կինը», Գ. Քուչարյանի «Ահա ազգասերները» կենցաղային կատակերգությունները, Մ. Պատկանյանի «Միջի մարդ կամ մոցիքուլ», Գ. Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլները, Ս. Հեքիմյանի «Սամել կամ Կրոնք և տիրասիրություն», Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ» պատմական ողբերգությունները: Հայ ուսանողները մասնակցել են նաև ռուսերեն ներկայացումներին: XIX դ. 80-ական թթ. սկսած նրանք ակտիվորեն մասնակցել են Պ. Ադամյանի, Գ. Պետրոսյանի, Հ. Աբելյանի, Ա. Վրույրի, Օ. Սեվումյանի և այլոց հյուրախաղերի կազմակերպմանը: Լազարյան ճեմարանը 1921-ից վերածվեց խորհրդային Հայաստանի կուլտուրայի տան, ուր շուրջ քառորդ դար գործեց Հայկական պետական դրամատիկական ստուդիան (տես նաև Թատերական ստուդիաներ):

Գրկ. Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 1, Ե., 1959: Բ. Հարությունյան