Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՏՊԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՏՊԱՐԱՆ, հիմնադրվել է 1829-ին, Մոսկվայում, Լազարյան ճեմարանին կից: Ուներ 13 լեզվով տառատեսակ: 1830-ին տպագրվել են «Կարգադրութիւնք կայսերական հովանավորութեամբ պաշտպանեալ Հայկական ճեմարանին», Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»ը (12 լեզվով), Շուշիի բողոքականների 2 աշխարհաբար գրքույկներ: Հետագայում տպագրվել են քերականական, ճարտասանական և այլ ձեռնարկներ, նաև՝ «Նկարագիր գաղթականութեան հայոց ի Պարսկաստանէ ի Ռուսաստան» (1832), Ռասինի «Գոթոդիա»ն (1834), Ա. Խուդաբաշյանի երկհատոր հայ-ռուսերեն բառարանը (1838), «Թարգմանութիւնք… ի ժոլկովսկիոյ, Պուշկինէ, Լերմոնտովայ, Բարատինսկիոյ, Գնեդիչէ» (1843), Մ. էմինի «Ընտիր հատուածք» (1848): Ռուսաց լեզվով տպագրություններից նշանավոր են եռահատոր «Հայ ժողովրդի պատմության տեսության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու»ն (1833—38), Սաադիի «Գուլիստան»ը (1858), Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»ը (1858) ևն: Գրական հայագիտական հրատարակություններով աչքի է ընկել հատկապես իր գործունեության վերջին շրջանում: Լույս են տեսել գուսան Աբգար Ադամի երգերը (1855), Մ. Մսերյանցի «Հիշատակարան կենաց և գործոց մեծանուն պայազատաց Լազարյան տոհմի» (1856), Ս. Նազարյանցի «Հանդես նոր հայախոսության» (1857) գործերը: 1859-63-ին տպարանը վարձակալել է Մ. Էմինը և հրատարակել Մովսես Կաղանկատվացու, Մխիթար Այրիվանեցու, Վարդան Բարձրբերդցու, Ատեփանոս Օրբելյանցի պատմությունները, Ա. Մխիթարյանցի «Անուշաւան ի գերեվարս» (1860) պատմավեպը ևն: 1863—66-ին տպարանը վարձակալել է Ա. Մամոնտովը: Այդ տարիների կարևորագույն տպագրություններից են Ռ. Պատկանյանի «Բանաստեղծություններ», (1864), «Լազարյան ինստիտուտի հանդիսավոր ժողովում կարդացված ճառերն ու հաշվետվությունը» ռուս, ժողովածուն, Ս. Շահազիզի «Լեռնի վիշտը» (1865): Լ. ճ. տ-ում են հրատարակվել «Հյուսիսափայլ», «Ճռաքաղ» և «Համբավաբեր Ռուսիո» պարբերականները: 1866-ին տպարանը գնել է Ա. Մամոնտովը:

Հ. Դավթյան