Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՊ, օպտիկական կապ, օպտիկական տիրույթի էլեկտրամագնիսական տատանումներով իրագործվող կապ: Ռադիո և հաղորդալարային կապի գոյություն ունեցող համակարգերի համեմատությամբ Լ. կ. օժտված է երկու հիմնական առավելություններով՝ լուսային տիրույթի հաճախային հարստությամբ (հավասար տեխ. հնարավորությունների դեպքում Լ. կ. թույլ է տալիս տասնյակ հգ. անգամ մեծացնել հեռախոսակապի կանալների և հեռուստածրագրերի թիվը) և հաղորդման տարածական նեղ ուղղորդվածությամբ (այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում փոքր հզորություններով հեռավոր կապ իրագործել): Բաց գծերով (մթնոլորտային) Լ. կ-ի ամենալուրջ թերությունը օդերևութաբանական պայմաններից ունեցած կախումն է. մառախուղը, ձյունը կամ պարզ եղանակի դեպքում օդի շերտերի անկանոն հոսանքները (տուրբուլենտությունը) զգալիորեն նվազեցնում են Լ. կ-ի հուսալիությունը: Այդ հանգամանքը խթանել է փակ կանալներով (լուսատարային) Լ. կ-ի հնարավորությունների ուսումնասիրությունը: Առավել հեռանկարային է ապակեմանրաթելային Լ. կ., քանի որ այդպիսի կանալը (բազմաջիղ ճկուն կաբելի տեսքով) զերծ է ինչպես մթնոլորտի, այնպես էլ արտաքին էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից: Մթնոլորտային Լ կ-ի իրագործման փորձերն սկսվել են 1962-ին (ԱՄՆ): Առաջին փորձնա-շահագործական հեռախոսային (բազմականալ) գծերը գործարկվել են 1967-68-ին, Մոսկվայում և Հայաստանում (Երևան—Բյուրական տեղամասում): Գրանցում օգտագործվել է անընդհատ գործողության հելիում-նեոնային լազեր:

Գրկ. Пратт В. К., Лазерные системы связи, лер. с англ., М. 1972

Ռ. Ղազարյան