Jump to content

ՀՍՀ/ԼԱԹԱՔԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԹԱՔԻԱ, քաղաք Սիրիայում, Լաթաքիա մուհաֆազի վարչական կենտրոնը: 126 հզ. բն. (1970): Նավահանգիստ է Միջերկրական ծովի ափին: Կան բամբակազտիչ, ծխախոտի, օճառի ձեռնարկություններ, ալրաղաց, ձիթայուղի, մետաքսե գործվածքեղենի արտադրություն, Լ-ի մոտ՝ բիտումի արդյունահանություն: Հիմնադրել են փյունիկեցիները: Սկզբնապես բնակավայր էր և կոչվում էր Ռամիտա. հետագայում դարձել է Մերձծովյան Լաոդիկեա քաղաք: VII դ. գրավել են արաբները: Լ. եղել է խաչակիրների և արաբների պատերազմական օբյեկտներից: 1516-1918-ին Օսմանյան կայսրության կազմում էր, XVI—XVIII դդ. Լաթաքիայի կիսանկախ իշխանության կենտրոնն էր: Լ. Սիրիայի հայկ. հնագույն գաղթավայրերից է: Լ-ի հայ համայնքն այնքան մեծ է եղել, որ X դարից սկսած ունեցել է իր եպիսկոպոսը: Ներկայիս լաթաքիահայերի (800 մարդ, 1978) գերակշիռ մասը Մեծ եղեռնից փրկվածներն ու նրանց սերունդներն են: Համայնքը ղեկավարում է թաղական խորհուրդը: Գործում են ՀԲԸՄ Լ-ի մասնաճյուղը (1927-ից), «Հայ-Արի» սկաուտական խումբը, «Կարմիր Խաչ» միությունը, 1922-ից՝ Ս. Հակոբանց ազգային երկսեռ վարժարանը (նախակըրթարանի և մանկապարտեզի բաժիններով): Տես նաև Սիրիայի Արաբական Հանրապետություն, Հայերը Սիրիայում մասը: