Jump to content

ՀՍՀ/ԼԱԼԱՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԼԱՅԱՆ Երվանդ Ալեքսանդրի (13.3. 1864, Ալեքսանդրապոլ—24.2.1931, Երեվան), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ: 1885-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ: 1894-ին, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ: Վերադառնալով Անդրկովկաս՝ 1895—97-ին դասավանդել է Շուշու թեմական դպրոցում: Այստեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճառյան, Լեո, Լ. Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի են)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հասդես»ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896-ին): 1900-ի նոյեմբ. 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906-ին՝ Հայոց ազգագրական ընկերությունը: Ընկերության կազմակերպած թանգարանը Լ-ի ջանքերով 1921-ին Թիֆլիսից փոխադրվեց Երեվան: Լ. դարձավ թանգարանի առաջին վարիչը: «Ազգագրական հանդես»ում պարբերաբար լույս են տեսնում Լ-ի «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Դափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901 16) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ: Լ. հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Մոլլա-Նասրէլտինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հհ., 1914—15) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ: Լ. պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, էլարում: Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասում պեղված դամբարանը (հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք), արամեական արձանագրությունը, ցցատների հետքերը Սևանա լճից արլ. ևն: Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931) գրքում: Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով Լ. հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն բացատրություններով: Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ: Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվ. մրցանակի: Ֆրանսերենից և ռուսերենից հայերենի է թարգմանել գիտնականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդայի, Գ. Կանեստրինի, U. Զվյագինցևի մի շարք աշխատություններ և գեղ. գործեր (Ժ. Զանդ, Մոլիեր ևն):

Գրկ. Մելիք Փաշայան Կ. Վ., Երվանդ Լալայան, «ՊԲՀ», 1964, 3: Նազինյան Ա., Երվանդ Լալայան. բանահավաք, բանագետ, «ԼՀԳ», 1965,8: Меликсед Беков, Я. Н., Армянский этнограф-археолог Е. А. Лалаян, «Советская этнография», 1936, 4—5.

Կ. Մելիք-Փաշայան