Jump to content

ՀՍՀ/ԼԱԼԱՅԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԼԱՅԱՆՑ Իսահակ Քրիստափորի (կուս. կեղծանունները՝ Իզորով, Ինսարով, Կարլ, Կոլումբ, Նիկոլայ Իվանովիչ, (Կ)լինկա 24.7 (5.8). 1870, Ղզլար (այժմ՝ Դաղստանի ԻՍՍՀ-ում)14.7.1933, Մոսկվա, ռուսական հեղափոխական շարժման գործիչ: Հեղափոխական գործունեությունն սկսել է Ֆեդոսեևի մարքսիստական խմբակում (1887): 1889-ին ձերբակալվել և արտաքսվել է Կազանից: 1891—92-ին ծառայել է կովկասյան բանակի Թիֆլիսի կայազորում: 1893-ին Սամարայում Վ. Ի. Ուլյանովի (Լենին) և Ա. Պ. Սկլյարենկոյի հետ կազմակերպել է Սամարայի առաջին մարքսիստական խմբակը, որի համար 1894-ին դատապարտվել է 10 ամսվա բանտարկության: 1896-ին Եկատերինոսլավում (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) Ի. Բաբուշկինի և Մ. Ցխակայայի հետ հիմնել է Եկատերինոսլավի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը»: Մասնակցել է ՌՍԴԲԿ I համագումարի նախապատրաստմանը: 1898—1900-ին Լ. մեծ աշխատանք է տարել Թիֆլիսում, Սարատովում և Վորոնեժում ս-դ. խմբակներ կազմակերպելու ուղղությամբ: 1900-ի հունվարին Եկատերինոսլավում նրա ղեկավարությամբ հրատարակվել է «Յուժնի ռաբոչի» («Южный рабочий») թերթը: Նույն թվականին ձերբակալվել է, 1902-ին աքսորվել Սիբիր: 1902-ի հուլիսին փախել է աքսորից և անցել արտասահման: Այստեղ, Լենինի և Պլեխանովի առաջարկությամբ, Լ. ընդունվել է Ռուս ս-դ. Արտասահմանյան լիգա, գործուն մասնակցություն ցուցաբերել ՌՍԴԲԿ II համագումարի նախապատրաստմանը, միաժամանակ ղեկավարել «Իսկրա»ի տպագրությունը: Հայերենից ռուսերեն է թարգմանել «Պրոլետարիատ» թերթում տպագրված Հայ սոցիալ-դեմոկրատների միության «Մանիֆեստը», որի մասին Լենինը հանդես է եկել հատուկ հոդվածով: 1903-ին, որպես ՌՍԴԲԿ Կենտկոմի գործակալ, վերադարձել է Ռուսաստան և գլխավորել Օդեսայի ՌՍԴԲԿ բոլշևիկների Հարավային բյուրոյի գործունեությունը: 1904-ին Լ. Կրկին ձերբակալվել է և աքսորվել Վոլոգդա, որտեղից մեկ տարի անց փախել է ու վերադարձել Պետերբուրգ: 1905-ին կոոպտացիոն կարգով դարձել է ՌՍԴԲԿ Կենտկոմի անդամ: Նույն թվականին շրջագայելով Կովկասում՝ հանդես է եկել ազգամիջյան ընդհարումներ կազմակերպողներին մերկացնող ելույթներով: Մասնակցել է Տամեր-ֆորսի կոնֆերանսին (1906), որից անմիջապես հետո ձերբակալվել է և դատապարտվել 6 տարի տաժանակրության (պատիժը կրել է Շլիսելբուրգյան բանտում): 1913-ին Լ. ցմահ աքսորվել է Իրկուտսկի նահանգ: Երկար տարիներ զտնվելով բանտում և աքսորում՝ կտրվել է կուսակցական քաղաքական աշխատանքից: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, Լենինի հրավերով, Լ. փոխադրվել է Մոսկվա և ղեկավարել ՌՍՖՍՀ Լուսժողկոմատի բաժիններից մեկը (1922—29): 1929-ին անցել է կենսաթոշակի: Թաղված ԷՄոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը

Երկ. Лалаянц И.Х..У истоков боль-шевизма в. 1—2, М., 1930—31,

Գրկ. «Правда», 1933, N 197, 19.7 Մնացականյան Ա. Ն., Իսահակ Լալայանց, «ՊԲՀ», 1966, 4: Кузнецова И. П., Новые документы о жизни и деятельности Исаака Христофоровича Лалаянца, «ԲՀԱ», 1975, 3.

Ա. Մնացականյան