Jump to content

ՀՍՀ/ԼԱՀՈՒԹԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՀՈՒԹԻ Աբոլղասեմ Ահմեդգադե (4.12. 1887, Քերմանշահ, Իրան—16.3.1957, Մոսկվա), տաջիկ սովետական բանաստեղծ: Տաջ. սովետական պոեզիայի հիմնադիրներից: ՍՄԿԿ անդամ 1924-ից: Մասնակցել է 1905-11-ի իրանական հեղափոխությանը: 1916-ին Քերմանշահում հրատարակել է հեղափոխական-դեմոկրատական «Բիսոթուն» թերթը: 1917-ին վտարանդվել է Ստամբուլ: 1922-ին վերադառնալով հայրենիք՝ ղեկավարել է Թավրիզի հակաիմպերիալիստական ապստամբությունը («Լահութի խանի ապստամբությունը»), որի ճնշումից հետո անցել է Սովետական Ռուսաստան: Եղել է Տաջիկական ՍՍՀ լուսժողկոմի տեղակալ (1925—30), ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1934-ից): Տպագրվել է 1907-ից: Պարսկալեզու քաղ. գազելի հիմնադիրներից է: Հրատարակել է «Կրեմլ» (1923, հայերեն հրտ. 1931), «Լենինն ապրում է» (1924) պոեմները, կոլտնտեսային շինարարության մասին բանաստեղծություններ: Գրել է այլաբանական-պայմանական բնույթի՝ «Ստեղծարար դասակարգին» (1933), «Հրճվանքի հայրենիք» (1935), ինչպես նաև այլ պոեմներ («Սարդիսթան», 1941, «Տանյայի հաղթանակը», 1942, «Ուղեկիցներ», 1943): Ֆիրդուսու «Շահնամե»ի սյուժեով նրա «Դարբին Քավան» պոեմը դարձել է Ա. Բալասանյանի համանուն օպերայի լիբրետոն: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Գրկ. Исаков И. С., Испытание Лахути, Душанбе, 1967.