ՀՍՀ/ԼԱՄԱՐԿ
ԼԱՄԱՐԿ (Lamark) Ժան Բատիստ Պիեռ Անտուան դը Մոնե (1.8.1744, Բազանտեն, Պիկարդիա—18.12.1829, Փարիզ), ֆրանսիացի բնագետ, էվոլյուցիոն ամբողջական տեսության հիմնադիրը (տես Լամարկիզմ), Փարիզի ԳԱ անդամ (1783): 1772-76-ին Փարիզի Բարձրագույն բժշկական դպրոցում ուսումնասիրել է բուսաբանություն: 1793-ին Լ-ի առաջարկությամբ թագավորական բուսաբանական այգին վերածվել է բնության պատմության թանգարանի, որտեղ նա 24 տարի եղել է ստորակարգ կենդանիների ամբիոնի պրոֆեսոր: 1820-ին Լ. կորցրել է տեսողությունը, որից հետո գիտական գործունեությանը շարունակել է դուստրերի օգնությամբ: Ապրել և մահացել է ծայրահեղ աւլքատության մեջ: Լ-ի գիտական աշխատությունները՝ «Անողնաշարավոր կենդանիների բնական պատմությունը» (1815—22, 7 հատորով), «Ֆրանսիայի ֆլորան» (1778, 3 հատորով), «Անողնաշարավոր կենդանիների համակարգը» (1801), «Կենդանաբանության փիլիսոփայությունը» (1809, 2 հատորով), մեծ դեր են խաղացել կենսաբանության պատմության մեջ: Լ. առաջինն է տվել «կենսաբանություն» տերմինը (1802) և կենդանական աշխարհը սահմանազատել ողնաշարավորների և անողնաշարավորների: Վերջիններիս ըստ զրադացիաների բաժանել է 10 դասի: Լ. առաջ է քաշել այն դրույթը, որ արտաքին միջավայրի փոփոխության հետևանքով օրգանիզմները ձեռք են բերում նոր հատկություններ, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերունդներին: Դրանով Լ. հանդես է եկել տեսակների անփոփոխության մետաֆիզիկական տեսության և Ժ. Կյուվիեի կատաստրոֆների տեսության դեմ: Լ-ի փիլ. տեսական ըմբռնումներին բնորոշ է դեիզմը, սակայն բնության ուսումնասիրման հարցերում նա ցուցաբերել է մեխանիստական մատերիալիստական մոտեցում: Ըստ նրա մատերիան իներտ է, ունակ չէ ինքնաշարժման և բնությունը գոյություն ունի ու զարգանում է կանխորոշված բնական կարգով, օրենքներով, համաձայն «աստվածային ներքին նպատակի»: Ավելի պարզ օրգանիզմներն առաջացել և առաջանում են «ոչ կազմակերպված» մատերիայից (ինքնագործունեությամբ) նրա մեջ թափանցող հատուկ նյութի՝ ֆլյուիդների ազդեցությամբ: Լ. նկարագրել է բրածո անողնաշարավոր կենդանիների շատ տեսակներ, դրել է զոոպսիխոլոգիայի սկիզբը, հրատարակել է նաև մեծ թվով գիտական աշխատություններ երկրաբանության, հիդրոլոգիայի և օդերևութաբանության վերաբերյալ
Երկ. Избр. произведения, т. 1-2, М., 1955-59.
Գրկ. Пузанов И.И., Жан Батист Ламарк, М., 1959.
