ՀՍՀ/ԼԱՄԲՐՈՆ
ԼԱՄԲՐՈՆ (ասուրա-բաբել. և խեթ.՝ Իլ-լուբրա), բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում (այժմյան Նամրուն գյուղի տեղում): Գտնվում է Տարսոնից 38 կմ հս-արմ., Տավրոս լեռնաշղթայի Գուզլակ և Այդոս կիրճերը տանող լեռնահովտի կենտրոնում: Լ-ի արլ. կողմում հոսում է Լաննոս գետակը: Լ-ի բերդը անառիկ էր, կառուցված քարաբլրի վրա, որի արմ. Կեղ սանդուղքը տանում էր դեպի բերդի առաջին դուռը: Պահպանվել են իրար հաջորդող 5 մուտքերի ավերակները: Միջնաբերդը քարաբլրի հս-ում է՝ խրամով անջատված բուն բերդից: Գործածվում էր շարժական կամուրջ: Այստեղ է եղել Լ-ի բերդակալի բնակարանը: Պարիսպների մեծ մասը քանդված է: Նշմարվում են Սկևռա վանքի ավերակները: Սկևռան Կիլիկիայի հայոց մշակույթի կարևոր կենտրոններից էր, ուր ստեղծվել են ձեռագրեր, բարձրարվեստ մանրանկարներ, կատարվել թարգմանություններ: Նրանց մի մասը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում: XI-XIV դդ. Լ. եղել է հայ իշխանանիստ բերդավան: 1071-ին Օշին Գանձակեցին իր աներ Աբլղարիպ Արծրունուց ստացավ Լ., նորոգեց և կառուցեց նոր շենքեր: Նրանով սկսվում է Լ-ի Օշինյան իշխանությունը: XIV դ. սկգբին Լ. արդեն քաղաք էր և ուներ հոծ բնակչություն: Լ-ի իշխանները միշտ հովանավորել են մշակույթը, գիտությունը, գրչությունը և արվեստը: Ուսումնասիրողների կարծիքով Լ. միջնադարյան Կիլիկիայի գեղարվեստական արծաթագործության կենտրոններից էր: Օշինյան իշխանները սկզբում շուրջ մեկ դար (1071-1170) կախման մեջ էին Բյուզանդական կայսրությունից: Անջատվելով Բյուզանդիայից՝ փորձել են վարել անկախ քաղաքականություն, չմիանալ Կիլիկիայի հայկ. իշխանությանը: Այդ միտումով նրանք բարեկամական հարաբերություններ էին հաստատել սելջուկ-թուրքերի հետ: Սակայն Լևոն Բ Տարսոնում կալանավորեց Լ-ի իշխանական տան անդամներին և առանց պատերազմի գրավելով Լ. այն միացրեց արքունի տիրույթներին: XIII դ. Լ-ի իշխանական տան և Սսի արքունիքի միջև ամուսնական կապեր հաստատվեցին: Մինչև XVIII դ. կեսը Լ-ի բերդի դռան վրա պահպանվել է Կիլիկիայի Հայկական թագավորության զինանշանը՝ զույգ առյուծներով, խաչով և հայերեն տառերով, որը նման է Կիլիկիայի հայկական պետության թագավորներ Լևոն Բ-ի, Հեթում Բ-ի և Լևոն Գ-ի դրամների վրա եղած զինանշաններին: Լ-ում է ծնվել XII դ. նշանավոր գործիչ Ներսես Լամբրոնացին (1153—1198):
Գրկ. Լ angl о is V., Voyage clans la Cilicie, P., 1861.
