ՀՍՀ/ԼԱՄՊ ՇԻԿԱՑՄԱՆ
ԼԱՄՊ ՇԻԿԱՑՄԱՆ էլեկտրական, լույսի աղբյուր, որում էլեկտրական էներգիան լուսայինի է փոխակերպվում դժվարահալ հաղորդիչը էլեկտրական հոսանքով շիկացնելու հետևանքով: Լամպի կատարելագործման կարևոր փուլերը բնութագրվում են հետևյալ հայտնագործություններով և գյուտերով. 1801-ին՝ հաղորդիչը էլեկտրական հոսանքով շիկացնելու փորձեր, 1854-ին՝ առաջին գործնականորեն պիտանի լամպը բամբուկի մանրաթելերից պատրաստված ածխեթելիկով (Գեբել, ԱՄՆ), 1873-ին՝ ածխաձողիկով լամպը (Լոդիգին, Ռուսաստան), 1877-ին՝ Յաբլոչկովի (Ռուսաստան) լամպը կաոլինե ձողիկով, 1879-ին՝ Էդիսոնի (ԱՄՆ) լամպը արդ. արտադրության համար, 1898-1908-ին որպես շիկացման մարմին փորձարկվում էին մետաղներ՝ օսմիում, ցիրկոնիում, տանտալ, 1909-ին՝ Վոլֆրամե թելիկով լամպը, 1912—13-ին՝ գազով լցված և պարուրաձև թելիկով լամպը (Լանգմյուր, ԱՄՆ), 1934-ին՝ շիկացման երկպարույր թելիկով լամպը: Լ. շ-ի հետագա կատարելագործումը տարվում էր շիկացման մարմնի ջերմաստիճանի բարձրացման միջոցով լուսարձակումը բարելավելու ուղղությամբ՝ պահպանելով լամպի պիտանիության ժամկետը: Լամպի անոթի լցումը բարձրամոլեկուլային իներտ գազերով (հալոգենների ավելացմամբ) նվազեցրեց վոլֆրամի գոլորշիացման արագությունը և անոթի կեղտոտումը նրա փոշիացած մասնիկներով: Երկպարույր և եռապարույր ձև ունեցող շիկացման մարմնի օգտագործումը նվազեցրեց ջերմային կորուստները գազում: Լամպի բազմաթիվ տարատեսակները բաղկացած են միատիպ մասերից, որոնք միմյանցից տարբերվում են միայն չափերով և ձևով: Տիպային լամպի կառուցվածքը ցույց է տրված նկ. 1-ում: Լամպերը դասակարգվում են՝ ըստ կիրառման բնագավառի (ընդհանուր օգտագործման, մեքենաների լապտերների համար ևն), անոթի լուսատեխնիկական հատկությունների և կառուցվածքի (հայելային, դեկորատիվ ևն), շիկացման մարմնի ձևի (հարթ պարույրով, երկպարույր են): Ըստ չափերի լինում են գերմանը (երկարությունը՝ 10 մմ-ից փոքր, տրամագիծը՝ 6 մմ-ից փոքր), մանր, փոքր, նորմալ, խոշոր (երկարությունը՝ ավելի քան 175 մմ, տրամագիծը՝ 80 մմ-ից ավելի): Լ. շ. պատրաստում են տարբեր լարումների համար՝ սկսած վոլտի մասերից մինչև հարյուրավոր վոլտ, իսկ հզորությունը կարող է հասնել տասնյակ կվտ (նկ. 2): Օրինակ, 10 կվտ հզորության լուսարձակման լամպն ունի 475 մմ երկարություն և 275 մմ տրամագիծ: Լամպում լարման 1 ով մեծացումը (նոմինալի համեմատությամբ) լուսային հոսքը ավելացնում է 4 ով, սակայն փոքրացնում է պիտանիության ժամկետը 15 ով: Լամպի կարճատև միացումը նոմինալին 15 ով գերազանցող լարմանը շարքից հանում է այն: Լամպերի պիտանիության ժամկետը տատանվում է 5 մ-ից (օրինակ, ինքնաթիռի լապտերների լամպերը) մինչև 1000 ժ և ավելի (օրինակ, տրանսպորտային լամպերը), այդ պատճառով լամպերը պետք է տեղադրված լինեն այնպես, որ դրանց փոխարինումը լինի դյուրին: Լամպերի լուսարձակումը կախված է դրանց կառուցվածքից, լարումից, հզորությունից, պիտանիության ժամկետից և հավասար է 10-35 լմ վտ: Լուսարձակման տեսակետից շիկացման լամպերը զիջում են լույսի գազապարպման աղբյուրներին, սակայն առաջինների շահագործումն ավելի պարզ է (չեն պահանջում թողարկիչ սարքեր և բարդ ամրաններ) և նրանց համար գործնականորեն գոյություն չունեն ըստ լարման և հզորության սահմանափակումներ: Աշխարհում Լ. շ. տարեկան արտադրությունը հասնում է 10 միլիարդի, իսկ տարատեսակների քանակն անցնում է Երկու հազարից:
Գրկ. Ульмишек Л.Г., Производство электрических ламп накаливания, 5 изд., М.—Л., 1966 Гуторов М.М., Основы светотехники и источники света, М., 1968:
