Jump to content

ՀՍՀ/ԼԱՅԲՆԻՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՅԲՆԻՑ (Leibniz, Leibnitz) Գոթֆրիդ Վիլհելմ (1.7.1646—14.11.1716), գերմանացի լուսավորիչ, հանրագիտակ, փիլիսոփա, բնագետ, մաթեմատիկոս և հասարակական գործիչ: Սովորել է Լայպցիգի և Ենայի համալսարաններում, 1664-ին ստացել է փիլիսոփայության մագիստրոսի, 1666-ին՝ իրավունքի դոկտորի աստիճան: 1672—76-ին դիվանագիտական հանձնարարություններով եղել է Փարիզում և Լոնդոնում, ուր զբաղվել է գիտական աշխատանքներով: Լ. Բեռլինի ԳԱ հիմնադիրն է և առաջին պրեզիդենտը (1700): Եղել է Փարիզի ԳԱ (1700-ից) և Անգլիական թագավորական ընկերության (1673-ից) անդամ: 1676-ից ծառայել է Հաննովերի Հերցոգի մոտ՝ նախ որպես գրադարանավար, պատմագիր, ապա նաև արտաքին գործերով քաղ. խորհրդական: Լ. գիտության ամենատարբեր բնագավառներում (երկրաբանություն, կենսաբանություն, լեզվաբանություն ևն) կանխորոշել է հետագա գիտական հայտնագործությունները: Զբաղվել է տեխնիկայի հարցերով՝ առաջարկել է գլանի և մխոցի գաղափարը, կաւոարելագործել Պասկալի հաշվիչ մեքենան ևն: Ի. Նյուտոնից անկախ մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվները, ներմուծել ցարդ օգտագործվող մաթ. նշանների համակարգը, բազմաթիվ հասկացություններ և տերմիններ: Լեզվաբանության բնագավառում հանդես է եկել լեզուների ծագման վերաբերյալ ասավածաշնչյան առասպելի դեմ, նշել մի շարք լեզուների պատմական ընդհանրությունները: Մասնավորապես հետաքրքրվել է հայոց լեզվի հետ այլ լեզուների ունեցած փոխհարաբերության հարցով, խրախուսել Մ. Լա Կրոզի հայագիտական աշխատանքները: Լ. կապեր է ունեցել Ամստերդամում գործող հայ տպագրիչների (Ղուղաս Վանանդեցի և ուրիշներ) հետ: Արտահայտել է զերմ. Բուրժուազիայի առաջադիմական, բայց ոչ հետևողական հայացքները: Նա պաշտպանել է զերմ. պետության ազգային միասնության սկզբունքն ու բնական իրավունքի հիմունքները: Փիլիսոփայության մեջ Լ. ձգտել է կեցության էությունը բացահայտել սուբստանցի մասին ուսմունքի ձևով: Ի հակադրություն XVII դ. մեխանիստական պատկերացումների, Լ. փորձում էր. բնության բազմազանությունը մեկնաբանել դինամիկ հիմքերով: Ելնելով իր իսկ առաջադրած «կենդանի ուժերի» (կինետիկ էներգիայի) պահպանման օրենքից, պնդում էր, որ բոլոր իրերը օժտված են անընդհատ գործելու կարողությամբ: Ըստ Լ-ի, սուբստանցների թիվը անվերջ է, որոնք բոլորն էլ նախատարրեր կամ կեցության միավորներ են՝ մոնադներ: Մատերիան չի կարող լինել սուբստանց, քանի որ այն բաժանելի է. սուբստանցը պետք է լինի բացարձակ պարզ, անբաժանելի և ինքնուրույն: Սուբստանցը գոյի հոգեկան միավորն է, բոլոր իրերի գործունեության հիմքը: Աշխարհի բազմազանությունը պայմանավորված է տարբեր մոնադների ստորակարգությամբ, որի հիմքը բարձրագույն մոնադն է՝ աստվածը: Լ. պնդում է, որ յուրաքանչյուր մոնադ մի «փոքր աշխարհ է», «սեղմված տիեզերք», որոնց համաձայնությունը և միասնությունը արդյունք են նախասահմանված ներդաշնակության: Որպես թեիստ Լ. ընդունում էր աստծու անընդհատ ներգործությունը երևույթների ընթացքի վրա, թեև դեիզմի ոգով նույնացնում էր «արարիչ-աստծուն», «արարված աշխարհի» հետ: Իմացաբանության ոլորտում Լ. ելնում էր մոնադների մասին ուսմունքից (մոնադաբանություն): Որպես ռացիոնալիստ (Ռ. Դեկարտի հետևորդ և Ջ. Լոկի էմպիրիզմի հակառակորդ) Լ. գտնում էր, որ փորձնական իմացությունը միայն խթանում է բնածին գաղափարների գործունեությանը: «Նոր քննախոսություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ» (1708) երկում իդեալիզմի դիրքերից քննադատել է Ջ. Լոկի երկրորդային հատկությունների դրույթը: Ըստ Լ-ի, արիստոտելյան տրամաբանության օրենքները բավարար են բանականության ճշմարտությունների ստուգման համար, այնինչ «փաստի ճշմարտությունների» ստուգման համար անհրաժեշտ է բավարար հիմունքի օրենքը: Ավանդական ձևական տրամաբանության շրջանակներում Լ. մշակել և զարգացրել է մի շարք մեթոդներ ու գաղափարներ, որոնք հետագայում մուծվել են մաթեմատիկական տրամաբանության կազմը: 1680-ից հետո Լ. հակվում է պանլոգիզմի և համընդհանուր դետերմինիզմի տեսակետին: Լ-ի գաղափարներր մեծ ազդեցություն են թողել փիլիսոփայության և գիտության հետագա զարգացման վրա: Հայ իրականությունում Լ-ի ուսմունքին անդրադարձել է հատկապես Ն. Ռուսինյանը և իդեալիզմի դիրքերից քննադատել այն

Երկ. Opera omnia, ed. Լ. Dutens, t. 1-6, Genevae, 1768 Избр. философские соч., М., 1908 Избр. отрывки из математических соч., «Успехи математических наук», 1948, т. 3, в. I Полемика Г. В. Лейбница и С. Кларка по вопросам философии и естествознания (1715 1716), Л., 1960.

Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., U ուրբ ընտանիք կամ քննադատական քննադատության քննադատություն, Ե., 1967 Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969: Լենին Վ. Ի., Փիլիսոփայական տետրեր, Երկ., հ. 38: Փեշիկյան Ե., Լայպնից եւ հայերը (պատառիկներ Լայպնիցի նամակենրէն), «Բազմավեպ», 1940, K 4-7: Погребысскив И. Б., Готфрид Вильгельм Лейбниц, М., 1971 Нарский И. С, Готфрид Лейбниц, М., 1972.