Jump to content

ՀՍՀ/ԼԱՅՆԷԿՐԱՆ ԿԻՆՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՅՆԷԿՐԱՆ ԿԻՆՈ, խոշորացված տեսադաշտով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ կինոֆիլմերի նկարահանման և ցուցադրման եղանակ: Սև սպիտակ ժապավենի վրա նկարահանված առաջին լայնէկրան ֆիլմը ցուցադրվել է Փարիզում, 1937-ին: Գունավոր պատկերով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ ժամանակակից Լ. կ. ստեղծվել է 1953-ին: Առավել տարածված է Լ. կ-ի անամորֆոտային ձևափոխել, այստեղ՝ աղավաղել) համակարգը: Այս համակարգում ֆիլմի նկարահանումը կատարվում է անամորֆոտային հատուկ օբյեկտիվով, որը կինոկադրի պատկերը հորիզոնական ուղղությամբ «սեղմում» է: Սեղմման գործակիցը հավասար է 2-ի, որը թույլ է տալիս 35 մմ ստանդարտ կինոժապավենի վրա պատկերը ստանալ կողմերի 1: 2,55 հարաբերությամբ: Լայն էկրան ֆիլմը ցուցադրելիս պրոյեկցիոն օբյեկտիվի վրա դրվում է անամորֆոտային գլխադիր, որը միևնույն գործակցով հորիզոնական ուղղությամբ պատկերը «ձգում» է: Կինոթատրոններում պատկերը պրոյեկտվում է մեծացված չափերով (լայնությունը՝ մինչև 15—22 մ) էկրանի վրա: Նկարահանելիս տեսադաշտի անկյան լայնացումը, կինոթատրոններում էկրանների չափերի մեծացումը, ստերեոֆոնային ձայնահաղորդումը բարձրացնում են Լ. կ-ի ցուցադրման որակը և մեծացնում դրա ազդեցությունը հանդիսատեսի վրա: Է. կ. զգալիորեն հարստացրել է կինոարվեստի գեղարվեստական-ստեղծագործական հնարավորությունները: Լ. կ-ի զարգացման հաջորդ փուլը պանորամային կինոն է: