ՀՍՀ/ԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես Երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր: Լ-յան կորիզը աշխարհագրական լանդշաֆտի մասին ուսմունքն է՝ Երկրի ֆիզիկաաշխարհագրական դիֆերենցման հիմնական աստիճանը: Ուսումնասիրում է լանդշաֆտների առաջացման, կառուցվածքի ու դինամիկայի հարցերը, նրանց զարգացման օրենքները և մարդկային հասարակության տնտ. գործունեության հետևանքով վերափոխումը: Լ-յան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի, լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը: Լ-յանն է վերաբերում նաև զոնաների, մարզերի, նահանգների և այլ բարձր կարգի տեղական երկրահամակարգերի ուսումնասիրությունը: Լ. Երկրի ֆիզիկաաշխարհագրական շրջանացման տեսական հիմքն է: Նրա փաստացի նյութերի գլխավոր աղբյուրը դաշտային հետազոտություններն են, որոնց հաջորդում է լանդշաֆտների քարտեզագրումը: Լ-յան սահմաններում ձևավորվել են նոր ուղղություններ, լանդշաֆտների երկրաքիմիա, լանդշաֆտների երկրաֆիզիկա, ագրոլանդշաֆտագիտություն ևն: Լ-յան հիմնադիրներն են Լ. Ս. Բերգը, Գ. Ն. Վիսոցկին, Գ. Ֆ. Մորոզովը և Վ. Վ. Դոկոլչաևի դպրոցի այլ ներկայացուցիչներ, արտասահմանում՝ գերմանացի աշխարհագրագետ Զ. Պասսարգեն: Տես նաև Լանդշաֆտ աշխարհագրական:
Գրկ. Исаченко А. Г., Основы ландшафтоведения и физико-географическое районирование, М., 1965 Нееф Э., Теоретические основы ландшафтоведения, пер. с нем., М., 1974 Арманд Д.Л., Наука о ландшафте, М., 1975.
