Jump to content

ՀՍՀ/ԼԱՆԴՇԱՖՏ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆԴՇԱՖՏ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, աշխարհագրական թաղանթի տերիտորիալ բաժանման կատեգորիա, աշխարհագրական հիմնական հասկացություն, լանդշաֆտագիտության ուսումնասիրության օբյեկտ: Աշխարհագրական թաղանթի բնական զարգացման ընթացքում առաջացած համասեռ տեղամաս է, որը այլ տեղամասերից որակապես տարբերվում է ներքին կառուցվածքով, տարածքային փոքր միավորներով, երևույթների սեզոնային ռիթմի յուրօրինակությամբ ևն: Լ. ա-ի առաջին գիտական բնորոշումը պատկանում է ռուս աշխարհագրագետներին, որոնք այն դիտում են որպես բնական բաղադրամասերի (ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի ևն) ներդաշնակ համակցում՝ առանձնացված բնական սահմաններով: Լ. ա. կազմված է տարբեր բնույթի աշխարհագրական համալիրներից (տեղանք, բնատեղամաս, ֆացիա ևն): Զարգացման արտաքին գործոններն են արեգակնային ռադիացիան (նրա հետ կապված մթնոլորտի շրջանառությունը), երկրակեղևի տեկտոնական շարժումները, մարդու տնտ. գործունեությունը: Աշխարհագրական լանդշաֆտները միմյանցից մեկուսացած չեն, գտնվում են փոխադարձ կապի մեջ, որն արտահայտվում է բաղադրամասերի և ձևաբանական միավորների նյութերի և էներգիայի փոխանակությամբ, մթնոլորտի ու ջրի շրջանառությամբ և օրգ. աշխարհի կենսագործունեությամբ: Արտասահմանյան աշխարհագրական գրականության մեջ Լ. ա. օգտագործվում է տարբեր իմաստով: Այն հիմնականում դիտվում է որպես երկրի մակերևույթի արտաքին բնորոշ գծերի ամբողջություն՝ որն ընդգրկում է նաև մարդու գործունեության տարբեր դրսևորումները: