ՀՍՀ/ԼԱՆԹԱՆԻԴՆԵՐ
ԼԱՆԹԱՆԻԴՆԵՐ, լանթանոիդներ (լանթաս հուն, կերպար, տեսակ), լանթանից հետո 58-ից մինչև 71 կարգահամարով 14 քիմիական տարրերից կազմված ընտանիք, որոնք տեղաբաշխված են պարբերական համակարգի VI պարբերության մեջ: Լ., հատկություններով նրանց նման սկանդիումը, իտրիումը ու լանթանը առաջացնում են հազվագյուտ հողային տարրերի խումբը (ՀՀՏ): Այդ անվանումը բացատրվում է նրանով, որ բոլոր այդ տարրերը բնության մեջ հազվադեպ են հանդիպում և տալիս են դժվարահալ ու ջրում անլուծելի օքսիդներ՝ հին տերմինաբանությամբ՝ «հողեր»: Հազվագյուտ հողային տարրերը մտնում են պարբերական համակարգի III խմբի կողմնակի ենթախմբում: Քիմ. հատկություններով Լ. նման են իրար: Դա բացատրվում է նրանց ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքով: Միջուկի լիցքի մեծացման հետ արտաքին էլեկտրոնային երկու թաղանթների կառուցվածքը չի փոփոխվում, քանի որ կատարվում է արտաքին 3-րդ թաղանթի էլեկտրոններով 4 f մակարդակի լրացում: Մակարդակում առավելագույնը կարող են լինել 14 էլեկտրոն, որով որոշվում է Լ-ի ընտանիքի տարրերի թիվը: Լ. բաժանվում են երկու ենթախմբի, ցերիումային (ներառնում է ցերիումը՝ Се, պրազեոդիմը՝ Pr, նեոդիմը՝ Nd, պրոմեթիումը՝ Pm, սամարիումը՝ Տ m, եվրոպիումը՝ Eu) և իտրիումային (ներառնում է գադոլինիումը՝ Gd, տերբիումը՝ Tb, դիսպրոզիումը՝ Dy, հոլմիումը՝ Но, էրբիումը՝ Ег, թուլիումը՝ Tm, իտերբիումր՝ Yb, լյուտեցիումը՝ Լս): Դրանց ֆիզիկա-քիմիական հատկությունների, ստացման ու կիրառման մասին տես առանձին տարրերին նվիրված հոդվածներում:
Գրկ. Серебренников В.В., Химия редкоземельных элементов, т. 1-2, Томск, 1959-61.
