Jump to content

ՀՍՀ/ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ (մինչև 1950-ը՝ Քյուզաջըղ). գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Հիմնադրել են Ալաշկերտից և Բայազետից եկածները, 1828-ին: Գյուղի մոտ, բարձրադիր բլրի լանջին, գտնվում է Իլկավանք կամ Պառավի վանք կոչվող փոքր խաչաձև եկեղեցին (գմբեթի տրամագիծը 2,05 մ է): Պահպանվել են գմբեթը և գմբեթակիր կամարներն իրենց հենարաններով: Գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթ անցումն իրականացված է երկաստիճան տրոմպների միջոցով: Քանդված խաչաթևերի պատերը ուշ միջնադարում փոխարինվել են ճեղքված բազալտից շարված պատերով, և հուշարձանը դրսից ստացել է ուղղանկյուն ուրվագիծ: Հարդարանքից ոչինչ չի պահպանվել: Ճարտ. ձևերով Իլկավանքը առնչվում է VII դ. հայկ. նույնատիպ հուշարձաններին:

Գրկ. Մնացականյան Ս. Խ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960: Մ. Հասրաթյան, Մ. Քոլոզյան