ՀՍՀ/ԼԱՍՏ
ԼԱՍՏ, տապան, տոփ, տկալաստ, տփանդ, ջրային փոխադրամիջոց, միմյանց կիպ կապած գերաններից, եղեգնի խրձերից և լողացող այլ առարկաներից պատրաստված քառանկյուն, կլոր կամ ձվաձև հարթակ՝ գետերով, լճերով և ծովերով մարդիկ, բեռներ, և ցամաքային տրանսպորտ տեղափոխելու համար: Հնարավորին չափ շատ բեռներ փոխադրելու նպատակով Լ-ի տակից երբեմն կապում են օդով լցված հարմարանքներ (հնում՝ տկեր, այժմ՝ լողաններ են), տակառներ կամ արկղեր: Լ-ի ընթացքը ղեկավարվում է ձողերով, թիակներով կամ առագաստներով: Երբեմն Լ. պատրաստում են վերևից տախտակամած ունեցող լողացող մի քանի առարկաներից: Լ. գետի հոսանքն ի վար գերաններ փոխադրելու (լաստառաքում) հիմնական միջոցն է: Այժմ Լ. մեծ մասամբ փոխադրվում են նավային քարշակների օգնությամբ: Լ-ի օգտագործման մասին տեղեկություններ են հաղորդում Հերոդոտոսը, Տակիտոսը (I—II դդ.), հայ պատմիչներից՝ Աբրահամ Կրետացին, Կիրակոս Գանձակեցին ևն: Լ-երով նավարկել են Եփրատ, Տիգրիս և Արածանի գետերով: Գետանցներում կառուցվել են ժամանակավոր լաստակամուրջներ, որոնք հարեվան ժողովուրդների տնտ. կապերին նպաստելուց բացի, ունեին նաև ռազմ. նշանակություն:
Լ. Պետրոսյան
