Jump to content

ՀՍՀ/ԼԱՏԻՆԱԲԱՆ ՀԱՅԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՏԻՆԱԲԱՆ ՀԱՅԵՐԵՆ, լատիներենի ազդեցությունը կրող գրաբարագիր երկերի լեզուն: Հիմնական գծերով կազմավորվել է Արևմտյան Եվրոպայում, XVII դ.: Լ.հ-ին բնորոշ են լատ-ից փոխառություններ ու պատճենումներ, որոշ հոլովական մասնիկներ, նոր նախդիրներ ու նախածանցներ, ածականի գերադրական աստիճանի նոր ու միասնական ձևեր, սեռային տարբերակում, գրաբարի քերականական համակարգին խորթ ժամանակաձևեր, գոյականների և ածականների պարտադիր համաձայնություն ևն: Լ. հ-ի լեզվական նորամուծությունների զգալի մասը առկա էր հունաբան հայերենում, իսկ ավելի ուշ լատինականությունները հայոց լեզվում կիրառվել են լատ-ի անմիջական ազդեցությամբ: Հիմնական միտումը լատ-ի նմանությամբ գրաբարը կանոնարկելն էր: Լ. հ-ի կազմավորումը կապված էր եվրոպական մի շարք երկրների ու կաթոլիկ եկեղեցու՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ աճող հետաքրքրության հետ: Չնայած տպագրված մեծաքանակ գրականությանը, XVIII դ. 1-ին կեսին Լ. հ., որպես լեզվական ուղղություն, դադարեց գործառվելուց:

Լ. Հովհաննիսյան