Jump to content

ՀՍՀ/ԼԱՏԻՆԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՏԻՆԵՐԵՆ (լատ. lingua latina), հին Հռոմի և նրա արվարձանների (Լացիումի) բնիկների՝ լատինների ցեղային լեզուն (այժմ՝ մեռած): Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իտալ. խմբին: Ունեցել է պատմական զարգացման մի քանի փուլ. 1) նախագրական (մինչև մ. թ. ա. 240), 2) հին գրական կամ «արխաիկ Լ» (240—մ. թ. ա. մոտ 100), 3) դասական «ոսկյա Լ.» ( մ. թ. ա. Մոտ 100—մ. թ. ա. 14), 4) «արծաթյա Լ.» (մ. թ. ա. 14—մ. թ. 200), 5) «ուշ Լ.» (200—600 թթ.), 6) միջնադարյան (VII—XIV դդ.) ևն: XVI դարից Լ. աստիճանաբար դուրս է մղվում ազգային լեզուների կողմից, պահպանվելով մինչև XVIII դ.՝ որպես դիվանագիտության, մինչև XX դ.՝ որպես համալսարանական դասավանդման և մասամբ որպես գիտության լեզու: XX դ. գործածվում է գիտական տերմինաբանության մեջ և կաթոլիկ եկեղեցում՝ որպես պաշտոնական լեզու: Լ-ի բառային կազմը խիստ հնատիպ է: Ձայնավորական համակարգին բնորոշ են երկար և կարճ հնչյունների հակադրությունը, բաղաձայնական համակարգում՝ ձայնեղ-խուլ զույգերի առկայությունը: Շեշտը, գիտնականների մեծ մասի կարծիքով, երաժշտական է՝ ուժային շեշտի վերաճելու հակումով: Ձևաբանությունը պահպանել է հին հնդեվրոպական լեզուներին բնորոշ թեքական կառուցատիաը: Քերականական կարգերից են՝ սեռը (արական, իգական, չեզոք), թիվը (եզակի, հոգնակի): Ունի 6 հոլով, 5 հոլովում, բայն ունի դեմքի, ժամանակի, եղանակի, սեռի կարգեր: ժողովրդա-խոսակցական լեզվի մեջ հոլովներն աստիճանաբար ընկել են: Շարահյուսությանը բնորոշ է բառերի համեմատաբար ազատ դասավորությունը: Լ. ստեղծել է ճշգրիտ բառակազմական համակարգ: Բառակազմական ձևույթների բացառիկ միանշանակությունը Լ. դարձնում է (հունարենի հետ մեկտեղ) միջազգային գիտական տերմինաբանության հարստացման հիմնական աղբյուրներից մեկը:

Գրկ. Соболевский СИ., Грамматика латинского языка, ч. 1, 3 изд., М, 1950, ч. 2, М., 1947 Тройский И.М., Очерки из истории латинского языка, М.—Л., 1953 Devoto G., Storia della lingua di Roma, 2 rist., Bologna, 1944 Pisani V., Storia della lingua latina, pt. 1, Torino, 1962 Congres international pour le latin vivant, t. 1-3, Avignon, 1956—64.

Հ. Ասմանգուլյան