ՀՍՀ/ԼԱՖԱՐԳ ՊՈԼ
ԼԱՖԱՐԳ (Lafargue) Պոլ (15.1.1842, Սանտյագո, Կուբա—25.11.1911, Փարիզ), ֆրանսիական և միջազգային բանվորական շարժման գործիչ, «…մարքսիզմի գաղափարների ամենատաղանդավոր և խոր տարածողներից…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 17, էջ 371): 1864-ից Լ. հարել է սոցիալիստական շարժմանը: 1866-ին տեղափոխվել է Լոնդոն, ընդունվել I Ինտերնացիոնալ, դարձել նրա Գլխավոր խորհրդի անդամ: Ծանոթանալով Կ. Մարքսին և նրա ընտանիքին՝ 1868-ին ամուսնացել է Մարքսի դստեր՝ Լաուրայի հետ: 1868-ին վերադարձել է Ֆրանսիա, մասնակցել Ինտերնացիոնալի Փարիզի ֆեդերացիայի ստեղծմանը (1869 ապրիլ): Փարիզի կոմունայի անկումից հետո Բորդոյում ստեղծել և գլխավորել է ինտերնացիոնալի սեկցիան: 1871-ին վտարանդվել է Իսպանիա: Մասնակցել է I Ինտերնացիոնալի Հաագայի կոնգրեսին (1872): 70-ական թթ. վերջերին գործել է Ժ. Գեղի հետ: 1880-ին Մարքսի և Էնգելսի աջակցությամբ Լ. և Գեդը մշակել են Ֆրանսիայի բանվորական կուսակցության ծրագիրը: 1882-ին վերադարձել է Ֆրանսիա և Գեդի հետ գլխավորել այդ կուսակցությունը: Լ. մեծ ներդրում ունի մարքսիստական տեսության մշակման գործում: Վերլուծել է վերնաշենքային կատեգորիաների և երեվույթների առաջացումը, ցույց տվել դրանց և հասարակական հարաբերությունների կապը («Կ. Մարքսի տնտեսական դետերմինիզմը, ուսումնասիրություն բարոյական, կրոնական և փիլիսոփայական գաղափարների ծագման մասին», «ճանաչողության պրոբլեմը» ևն): Քննադատել է ագնոստիցիզմը և իդեալիզմը, մատերիալիզմը և իդեալիզմը «հաշտեցնելու» փորձերը, պայքարել օպորտունիզմի դեմ: Լ. երբեմն տուրք է տվել մետաֆիզիկական մատերիալիզմին: Տնտեսագիտական աշխատություններում («Արժեքի և հավելյալ արժեքի Մարքսի տեսությունը և բուրժուական տնտեսագետները», «Սեփականությունը, նրա ծագումը և զարգացումը») քննադատել է կապիտալիստական հասարակարգը և նրա ջատագովներին: Գրականագիտական աշխատություններում (թեև առկա որոշ սոցոլոգիական սխեմատիզմին) Փորձել է վերհանել գրականության սոցիալ-դասակարգայհն բնույթը: Լեզվի պատմությունը մեկնաբանել է պատմական մատերիալիզմի դիրքերից: Յուրովի մեկնաբանելով ծերության և մահվան գաղափարները՝ Լ. վճռել էր կյանքից հեռանալ մինչև 70 տարեկան դառնալը՝ նախքան օրգանիզմի կազմալուծումը: Այդ պատճառով նա և կինը ինքնասպան են եղել: Լ. թողել է նամակ, որ ավարտվում է հետևյալ բառերով՝ «Ես մահանում եմ երջանիկ համոզվածությամբ, որ գործը, որին ես նվիրվել եմ ահա արդեն 45 տարի, կհաղթանակի՜. Կեցցե կոմունիզմը, կեցցե միջազգային սոցիալիզմը» («L Humanite», 1911, 4 dec.): Թաղման ժամանակ ՌՍԴԲԿ անունից հանդես է եկել Վ. Ի. Լենինը, որն անձամբ ճանաչում էր Լ-ին: Հայ իրականության մեջ մարքսիզմի գաղափարների տարածմանը նպաստել են նաև Լ-ի աշխատությունների հայերեն թարգմանությունները: 1893-ին Աթենքում «Սոցիալիստական գրադարան» մատենաշարով հրատարակվել է Լ-ի «Իրավունք ծուլանալու, հերքում 1848-ի «Աշխատելու օրենքին» երկը, այնուհետև՝ «Վաճառված ախորժակ» (1907), «Դեպի սոցիալիզմի թագավորությունը» (1919), «Տնտեսական էվոլյուցիա և կոմունիզմ» (1919), «Բուրժուազիայի հայրենասիրությունը» (1920) երկերը: Լ. հետաքրքրվել է թուրք, բռնակալության տակ հայ ժողովրդի ճակատագրի և նրա ազատագրական պայքարի հարցով
Երկ. Հիշողություններ Մարքսի մասին, Ե., 1971: Соч., т. 1-3, М.Л., 1925, 31.
Գրկ. Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 ивд., т. 31—36 (см. Указатель имен)Момджян X. Н., Поль Лафарг и философия марксизма, М., 1978 Гоффеншефер В., Из истории марксистской критики. П. Лафарг и борьба за реализм, М., 1967.
