Jump to content

ՀՍՀ/ԼԵՀԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՀԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԼԲԿ), լեհական բանվոր դասակարգի մարքս-լենինյան կուսակցությունը: Հիմնվել է 1942-ի հունվ. 5-ին, ֆաշիստների կողմից օկուպացված Վարշավայում, միավորել է 1939-41-ին կոմունիստների ստեղծած հակաֆաշիստական կազմակերպությունները և խմբերը: ԼԲԿ գործունեությունը ղեկավարել է ԿԿ, որի քարտուղարներն են եղել (տարբեր ժամանակներում) Մ. Նովոտկոն, Պ. Ֆինդերը, Վ. Գոմուլկան, Բ. Բերուտը: Գերմանա-ֆաշիստական օկուպացիայի պայմաններում ԼԲԿ գլխավորել է լեհ ժողովրդի ազգային և սոցիալական ազատագրական պայքարը՝ ստեղծելով ազգային լայն ճակատ՝ բանվոր դասակարգի գլխավորությամբ: ԼԲԿ եղել է Կրայովա Ռադա Նարոդովայի, Լեհական ազգային ազատագրության կոմիտեի՝ ժամանակավոր ժող. կառավարության ստեղծման նախաձեռնողը: Լեհաստանի ազատագրումից հետո ԼԲԿ դարձավ հեղափոխական դեմոկրատական և սոցիալիստական վերափոխումների ղեկավար ուժը: Պայքարել է երկրի վերականգնման, Լեհաստանում սոցիալիզմի հաղթանակի, ՍՍՀՄ-ի և ժողովրդա-դեմոկրատական երկրների, միջազգային բանվորական շարժման, աշխարհի առաջադիմական ուժերի հետ եղբայրության և համագործակցության ամրապնդման համար: Այդ ընթացքում ամրապնդվել է լեհական սոցիալիստական կուսակցության (ԼՍԿ) և ԼԲԿ համագործակցությունը: ԼԲԿ II համագումարը (1948) որոշեց միավորվել ԼՍԿ հետ, և ստեղծվեց Լեհական միացյալ բանվորական կուսակցությունը: