ՀՍՀ/ԼԵՀԵՐ
ԼԵՀԵՐ, ազգ, Լեհական ժողովրդական Հանրապետության հիմնական բնակչությունը: Թիվը՝ 32,8 մլն (1973), Լեհաստանի բնակչության 98 ը: Մոտ 10 մլն Լ. բնակվում են Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա) ու Եվրոպայի (Ֆրանսիա, Անգլիա, ԳՖՀ, Բելգիա, Չեխոսլովակիա) երկրներում, 1 մլն 167,5 հզ.՝ ՍՍՀՄ-ում (1970): Խոսում են լեհերեն: Հավատացյալ Լ-ի մեծ մասը կաթոլիկներ են: Որոշ գիտնականների կարծիքով Լ-ի նախնական կազմավորումը կապված է լուժիչյան և պոմորյան մշակույթներն ստեղծող ցեղերի, իսկ մ. թ. սկզբին՝ վենեդների հետ: Լեհական պետության ձևավորմանը զուգընթաց կազմավորվեց նաև լեհական ազգությունը (X—XI դդ.), որի էթնիկական հիմքը կազմեցին պոլյանները, պենզաններր, վիսլյանները, մազովշանները, պոմորյանները, զգալիորեն՝ նաև արմ. սլավ, այլ ցեղեր: Գերմ. ֆեոդ, նվաճումների ընթացքում (XIII —XV դդ.) ուժեղացավ լեհական հողերը միավորելու ձգտումը: Ռեչ Պոսպոլիտա բազմազգ պետության շրջանակներում սկսված ազգային համախմբման պրոցեսը թուլացավ Ռեչ Պոսպոլիտայի երեք բաժանումներով (1772, 1793, 1795), նապոլեոնյան պատերազմների տարիներին ու դրանցից հետո կատարված վերաբաժանումներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհական հողերի միավորման հետևանքով, Մեծ Լեհաստանի արմ. շրջաններից, Սիլեզիայից, Պոմորիեից, Մազուրներից հեռացած գերմանացիների և արլ. շրջաններից ՍՍՀՄ եկած ուկրաինացիների ու բելոռուսների փոխարեն բնակություն հաստատեցին ՍՍՀՄ-ից հայրենադարձված և արմ. երկրներից վերադարձած վտարանդի Լ.: Տես նաև Լեհաստան:
