ՀՍՀ/ԼԵՆԴ-ԼԻԶ
ԼԵՆԴ-ԼԻԶ (անգլ. lend-lease, lend—տալ փոխարինաբար, և lease—տալ վարձակալության), երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) տարիներին ԱՄՆ-ին դաշնակից հակահիտլերյան կոալիցիայի երկրներին վարձակալությամբ կամ փոխարինաբար սպառազինություն, զինամթերք, ստրատեգիական հումք, մթերքներ և այլ ապրանքներ տալու համակարգ: Լ-լ-ի օրենքն ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունել է 1941-ի մարտի 11-ին, իսկ մատակարարումների դադարեցման մասին ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է 1945-ի օգոստ. 21-ին: Լ-լ-ով ԱՄՆ-ի ծախսերը 1941—45-ին կազմեցին 46 մլրդ դոլլար (պատերազմի տարիներին ԱՄՆ-ի ռազմ, ողջ ծախսերի 13 ը և արտահանման 50 ը): Լ-լ-ով Բրիտանական կայսրության երկրներին (հիմնականում Մեծ Բրրտանիային) մատակարարումները կազմեցին 30269 մլն դոլլար, ԱՍՏՄ-ին՝ 9800, Ֆրանսիային՝ 1406, Չինաստանին՝ 631, լատինաամերիկյան երկրներին՝ 421, այլ երկրներին՝ 424 մլն դոլլար: Իր հերթին, ԱՄՆ-ը հետադարձ Լ-լ-ի կարգով պատերազմի տարիներին դաշնակից պետություններից ստացավ 7,3 մլրդ դոլլարի տարբեր ապրանքներ և ծառայություններ: Լ-լ-ով մատակարարումները զգալիորեն նպաստեցին պատերազմի տարիներին ԱՄՆ-ի արտադրության ընդլայնմանը և կառավարական պատվերների հաշվին մոնոպոլիաների հարստացմանը: Պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը Լ-լ. և դրա հետ կապված վճարումները կարգավորելու հարցերն օգտագործեց տնտեսապես և քաղաքականապես Եվրոպայի ու Ասիայի շատ երկրներ ներթափանցելու նպատակով: 1947-ին և 1960-ին ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցան Լ-լ-ով վճարումների վերաբերյալ բանակցություններ: ՍՍՀՄ-ը ԱՄՆ-ին վերադարձրեց ստացած ունեցվածքի մի մասը (օրինակ, ծովային նավերը) և պատրաստակամություն հայտնեց վճարել մնացածը: Սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ փոխհատուցման չափի վերաբերյալ, քանի որ ԱՄՆ պահանջեց 1,3 մլրդ դոլլարի գումար, որն ուրիշ երկրների վճարումների հետ համեմատած (օրինակ, Մեծ Բրիտանիայի) չափազանցված էր: Բացի դրանից ամերիկյան կառավարությունը հրաժարվեց վճարումների կարգավորման խնդրի հետ քննարկել և որոշել ՍՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև տնտ. և առևտրական հարաբերությունները նորմալացնելու, որը նախատեսված էր Լ-լ-ի համաձայնագրով, ինչպես նաև վարկեր տրամադրելու հարցը: ԱՄՆ-ի նախաձեռնությամբ 1960-ին բանակցություններն ընդհատվեցին: Դրանք վերսկսվեցին 1972-ին: ԱՄՆ-ը համաձայնեց էապես իջեցնել վճարումների գումարը, ինչպես նաև դրանք կախման մեջ դնել կողմերի տնտ. հարաբերությունների զարգացման հաջողությունից: 1972-ի հոկտ. 18-ին Վաշինգտոնում ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև միաժամանակ ստորագրվեցին երեք համաձայնագրեր՝ Լ-լ-ով վճարումների կարգավորման, առևտրի զարգացման և փոխադարձաբար վարկեր տրամադրելու մասին:
