ՀՍՀ/ԼԵՆԻՆ
ԼԵՆԻՆ (Ուլյանով) Վլադիմիր Իլյիչ 10(22).4. 1870, Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ)—21.1.1924, Մոսկվայի մարգի Գորկի (այժմ՝ Գորկի Լենինսկիե) ավան, մեծ հեղափոխական և մտածող, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի գործի հանճարեղ շարունակողը, Սովետական Միության կոմունիստական կուսակցության ստեղծողը, աշխարհում առաջին սոցիալիստական պետության հիմնադիրը, ողջ աշխարհի աշխատավորների առաջնորդը և ուսուցիչը: Լ-ի հայրը՝ Իլյա Նիկոլաևիչ Ուլյանովը, ժամանակի առաջադեմ մարդկանցից էր, մայրը՝ Մարիա Ալեքսանղրովնա Ուլյանովան, բազմակողմանիորեն զարգացած կին էր, տիրապետում էր մի քանի լեզուների: 1887-ին Սիմբիրսկի գիմնազիան ավարտելուց հետո Լ. ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մարքսիստական գրականությանն առաջին անգամ ծանոթացել է ավագ եղբոր՝ Ա. Ի. Ուլյանովի միջոցով: Ուսանողական հավաքույթներին մասնակցելու համար 1887-ի դեկտեմբերին Լ. հեռացվել է համալսարանից և աքսորվել Կազանի նահանգի Կոկուշկինո (այժմ Լենինո) գյուղը: 1888-ի հոկտեմբերին Լ. վերադարձել է Կազան, մտել Ն. Ե. Ֆեդոսեևի կազմակերպած մարքսիստական խմբակներից մեկի մեջ: 1891-ին Լ. էքստերն քննություններ է հանձնել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նույն թվականին Լ. Մամարայում Ա. Պ. Սկլյարենկոյի և Ի. Ք. Լալայանցի հետ կազմակերպել է մարքսիստական խմբակ: 1893-ին տեղափոխվել է Պետերբուրգ, համախմբել տեղի մարքսիստներին և առաջադեմ բանվորներին (Ս. Ի. Ռադչենկո, Գ. Մ. Կրժիժանովսկի, Ի. Վ. Բաբուշկին, Վ. Ա. Շելգունով և ուրիշներ): Ռուս մարքսիստներից Լ. առաջինն էր, որ դրեց ինքնուրույն բանվորական հեղափոխական-մարքսիստական կուսակցություն ստեղծելու խնդիրը: Դրան էին նվիրված Լ-ի աշխատությունները՝ «Ինչ են «ժողովրդի բարեկամները» և ինչպես են նրանք մարտնչում սոցիալ-դեմոկրատների դեմ» (1894), «Նարոդնիկության տնտեսական բովանդակությունն ու նրա քննադատությունը Պ-րն Ստրուվեի գրքում» (1894-ի վերջ, 1895-ի սկիզբ): Լ-ի այդ առաջին խոշոր աշխատություններն արդեն աչքի էին ընկնում բանվորական շարժման տեսության ու պրակտիկայի նկատմամբ ստեղծագործական մոտեցմամբ: 1895-ի ապրիլին Լ. մեկնել է արտասահման՝ «Աշխատանքի ազատագրություն» խսբի հետ կապեր հաստատելու: Արտասահմանում Լ. ծանոթանում է Գ. Վ. Պլեխանովի, Պ. Բ. Աքսելրոդի, Պ. Լաֆարգի և միջազգային բանվորական շարժման այլ գործիչների հետ: 1895-ի աշնանը, վերադառնալով Ռուսաստան, Լ. Պետերբուրգի մարքսիստական խմբակները միավորեց Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ: 1895-ի դեկտեմբերին Լ. ձերբակալվել, իսկ 1897-ին աքսորվել է Ենիսեյի նահանգի Մինուսինսկի օկրուգի Շուշենսկոյե գյուղը: Հեղափոխական գործի համար ձերբակալվում է նաև Ն. Կ. Կրուպսկայան: Որպես Լ-ի հարսնացու նրան թույլատրեցին աքսորը կրել Շուշենսկոյե գյուղում, որտեղ նրանք ամուսնանում են՝ ամբողջ կյանքում մնալով որպես մեծ պայքարի զինակիցներ: Շարունակելով հեղափոխական գործունեությունը՝ աքսորավայրում Լ. գրեց ավելի քան 30 աշխատություն, այդ թվում՝ «Ռուսական սոցիալ-դեմոկրատների խնդիրները» (1897) և «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» (1899), որոնք մեծ դեր խաղացին կուսակցության ծրագրի, ստրատեգիայի և տակտիկայի մշակման գործում: 1899-ին Լ. կազմեց «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների բողոքը», որը ստորագրել էին 17 աքսորական մարքսիստներ: Այն հսկայական նշանակություն ունեցավ «էկոնոմիստների» դեմ պայքարում: Աքսորում Լ. մշակեց Ռուսաստանում մարքսիստական կուսակցության ստեղծման պլանը, որտեղ հիմնական դերը հատկացվում էր համառուսական քաղ. անլեգալ լրագրի հրատարակմանը: Աքսորի ժամկետը լրանալուց հետո 1900-ի հունվ. 29 (փետր. 10)ին Լ. հեռանում է Շուշենսկոյե գյուղից, լինում Ուֆայում, Մոսկվայում, Պետերբուրգում և այլ վայրերում՝ տեղի սոցիալ-դեմոկրատների հետ ամենուրեք քննարկելով համառուսական թերթ ստեղծելու խնդիրը: 1900-ի հուլիսին Լ. մեկնում է Գերմանիա (Մյունխեն), ուր կազմակերպում է համառուսական առաջին անլեգալ մարքսիստական «իսկրա» թերթի հրատարակությունը: Թերթի անմիջական ղեկավարը Լ. էր: Լենինյան «իսկրա»ն վճռական դեր խաղաց մարքսիստական կուսակցության ստեղծման գործում: 1901-ի դեկտեմբերին «Իսկրա»ում տպագրված հոդվածներից մեկը առաջին անգամ ստորագրում է Լենին ծածկանունով (Լ. կոնսպիրատիվ նկատառումներով օգտագործել է մոտ 170 ծածկանուն): 1902-ի մարտին հրատարակվեց Լ-ի «ինչ անել»: Մեր շարժման ցավոտ հարցերը» աշխատությունը: 1902—03-ին Լ. գրել է «Ռուսական սոցիալ-դեմոկրատիայի ագրարային ծրագիրը», «Գյուղական չքավորությանը», «Ազգային հարցը մեր ծրագրում» և այլ աշխատություններ, որոնց մեջ պարզաբանվել են կուսակցության կառուցման գաղափարական ու քաղ. կարևորագույն հարցերը: Լ. ղեկավար մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ ծրագրի մշակմանը, գրել է կուսակցության կանոնադրության նախագիծը և ապագա համագումարի բազմաթիվ բանաձևերի նախագծեր: ՌՍԴԲԿ II համագումարում (1903-ի հուլիս-օզոստոս) Լ. գլխավորել է կայուն իսկրայականներին՝ պայքարելով «էկոնոմիստների», բունդականների, ցենտրիստների դեմ: Համագումարում բոլշևիկների (տես Բուշևիզմ) հաղթանակի հետևանքով հաջողությամբ ավարտվեց II Ինտերնացիոնալի ռեֆորմիստական կուսակցություններից սկզբունքորեն տարբեր, նոր տիպի կուսակցության ստեղծման համար Լ-ի մղած պայքարը: Համագումարից հետո մենշևիկների (տես Մենշևիզմ) պառակտիչ գործունեության հետևանքով կուսակցության մեջ պայքարի էլ ավելի սրման պայմաններում, 1904-ին Լ. գրեց «Մի քաղ առաջ, երկու քայւ հետ» աշխատությունը, որտեղ մերկացրեց մենշևիկների հակակուսակցական գործունեությունը, հիմնավորեց նոր տիպի մարքսիստական կուսակցության կազմակերպական սկզբունքները: 1904-ի դեկտեմբերին Լ. հիմնում է «Վպերյոդ» թերթը, որը վճռականորեն պայքարում է 52-րդ համարից մենշևիկների ձեռքն անցած «Իսկրա»ի դեմ և մեծ դեր խաղում կուսակցությունն ամրապնդելու, ՌՍԴԲԿ III համագումարը նախապատրաստելու գործում: ՌՍԴԲԿ III (1905), IV (1906), V (1907) համագումարներում և «Սոցիալ-դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական հեղափոխության մեջ» (1905) աշխատությունում և բազմաթիվ հոդվածներում Լ. ոչնչացնող քննադատության ենթարկեց մենշևիկների օպորտունիստական գիծը, մշակեց և հիմնավորեց հեղափոխության մեջ բոլշևիկների կուսակցության ստրատեգիան ու տակտիկան: 1905-ի նոյեմբ. 8(21)ին Լ. վտարանդիությունից վերադառնում է Պետերբուրգ, որտեղ ղեկավարում է բոլշևիկների Կենտկոմի և Պետերբուրգի կոմիտեի գործունեությունը, զինված ապստամբության նախապատրաստումը: 1907-ի դեկտեմբերին, հեղափոխության պարտությունից հետո, Լ. կրկին մեկնում է արտասահման, ուր մնում է մինչև 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը: Ռեակցիայի տարիներին (1908—10) Լ. պայքարել է մենշևիկ-լիկվիդատորների, օտզովիստների, տրոցկիստների, բոլոր տեսակի օպորտունիստների դեմ՝ հանուն բոլշևիկների կուսակցության պահպանման: 1908-ին Լ. գրում է «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (հրտ. 1909) աշխատությունը, որտեղ, մերկացնելով բուրժ. փիլիսոփայության և ռևիզիոնիզմի հետադիմական էությունը, շարադրել ու զարգացրել է դիալեկտիկական մատերիալիզմ, 1910-ի վերջերից Ռուսաստանում սկսվում է հեղափոխական շարժման նոր վերելք: Լ-ի նախաձեռնությամբ 1910-ի դեկտեմբերից Պետերբուրգում լույս է տեսնում «Զվեզդա» շաբաթաթերթը, 1911-ի դեկտեմբերին՝ «Պրոսվեշչենիե» ամսագիրը, իսկ 1912-ի ապրիլի 22-ից (մայիսի 5-ից)՝ «Պրավդա» ամենօրյա բոլշևիկյւսն բանվորական թերթը: 1912-ին Պրագայում Լ-ի ղեկավարությամբ կայացավ ՌՍԴԲԿ VI Համառուսաստանյան կոնֆերանսը: 1912-ի դեկտեմբերին Կրակովում և 1913-ի սեպտեմբերին Պորոնինոյում Լ-ի ղեկավարությամբ տեղի են ունենում կուսակցության Կկ-ի խորհրդակցություններ, որոնք քննարկում են հեղափոխական շարժման կարևորագույն հարցերը: Լ. ղեկավարում է IV Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները: Մեծ ուշադրություն է դարձրել ազգային հարցի տեսության մշակմանը, գրել է «Քննադատական դիտողություններ ազգային հարցի մասին» (1913), «Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին» (1914) ծրագրային աշխատությունները: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—18) բոլշևիկների կուսակցությունը Լ-ի գլխավորությամբ բարձր է պահում պրոլետարական ինտերնացիոնալիզմի որոշը՝ հետևողականորեն մերկացնում II Ինտերնացիոնալի ղեկավարների սոցիալ-շովինիզմը: 1914-16-ին Լ. գրել է «Պատերազմը և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատիան» (1914) մանիֆեստը, «վելիկոռուսների ազգային հպարտության մասին» (1914), «II Ինտերնացիոնալի կրախը» (1915), «Սոցիալիզմը և պատերազմը» (1915), «Իր կառավարության պարտության մասին իմպերիալիստական պատերազմում» (1915), «Եվրոպայի Միացյալ նահանգների լոզունգի մասին» (1915), «իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա» (1916, հրտ. 1917), «Պրոլետարական հեղափոխության ռազմական ծրագիրը» (1916, հրտ. 1917), «Ինքնորոշման վերաբերյալ դիսկուսիայի արդյունքները» ևն աշխատությունները, որոնցում ավելի է զարգացվում սոցիալիստական հեղափոխության, նրա բովանդակության, շարժիչ ուժերի, պատմական նոր դարաշրջանում նրա զարգացման պայմանների ու ձևերի մասին մարքսիստական տեսությունը: Ցիմմերվալդի (1915) և Կինտալի (1916) միջազգային սոցիալիստական կոնֆերանսներում Լ. պաշտպանում է հեղափոխական-մարքսիստական սկզբունքները, պայքարում օպորտունիզմի և ցենտրիզմի դեմ: Հեղափոխական ուժերը համախմբելով միջազգային բանվորական շարժման մեջ՝ դնում է 3-րդ՝ Կոմունիստական ինտերնացիոնալի հիմնաքարը: Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության (1917) հաղթանակից հետո ապրիլի 3 (16)ին Լ. Ցյուրիխից վերադառնում է Պետրոգրադ: Ապրիլի 4(17)ին բոլշևիկների խորհրդակցությունում Լ. հանդես է գալիս «Պրոլետարիատի խնդիրների մասին տվյալ հեղափոխությունում» զեկուցումով: Դա նշանավոր Ապրիլյան թեզիսներն էին, որոնցում Լ. զարգացրեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերածելու համար կուսակցության պայքարի պլանը, երկիշխանության պայմաններում կուսակցության տակտիկան, առաջ քաշեց և հիմնավորեց «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգը: 1917-ի հունիսին Սովետների Համառոտաստանյան I համագումարում Լ. մերկացրեց բուրժ. ժամանակավոր կառավարության իմպերիալիստական, հակաժողովրդական քաղաքականությունը և մենշևիկների ու էսէռներ համաձայնողականությունը: Հուլիսի 7(20)ին ժամանակավոր կառավարությունը Լ-ին ձերբակալելու հրաման տվեց: Կուսակցության ԿԿ-ի որոշմամբ նա անցավ ընդհատակ և թաքնվեց, սկգբում՝ Պետրոգրադից ոչ հեռու Ռազլիվ լճի մոտ, ապա՝ Ֆինլանդիայում: Ընդհատակում Լ. գրում է «Պետություն և հեղափոխության», «Սպառնացող աղետը և ինչպես պայքարել նրա դեմ», «Կպահեն արդյոք բոլշևիկները իրենց ձեռքում պետական իշխանությունը» և այլ աշխատություններ: 1917-ի սեպտ. 12—14(25 27)ին Լ. կուսակցության Կենտրոնական կոմիտեին, Պետրոգրադի և Մոսկվայի կոմիտեներին ուղարկեց «Բոլշևիկները պետք է վերցնեն իշխանությունը» ու «Մարքսիզմը և ապստամբությունը» նամակները, իսկ սեպտեմբերի 29 (հոկտ. 12)ին՝ «ճգնաժամը հասունացել է» հոդվածը: Նրանցում դասակարգային ուժերի տեղաբաշխման և հարաբերակցության խորը վերլուծության հիման վրա Լ. հետևեցրեց, որ հաղթական սոցիալիստական հեղափոխության պահը հասունացել է, և մշակեց զինված ապստամբության պլան: 1917-ի հոկտեմբերի սկզբին Լ. Վիբորգից գաղտնի վերադարձավ Պետրոգրադ: Հոկտ. 10(23)ին կայացած ՌՍԴ(բ)Կ Կենտկոմի նիստը Լ-ի առաջարկությամբ զինված ապստամբության բանաձև ընդունեց: Ապստամբության կազմակերպումը ղեկավարում էր Լ.: Հոկտ. 24 (նոյեմբ. 6)ին ԿԿ-ին ուղղված նամակով Լ. պահանջում էր անհապաղ անցնել հարձակման և վերցնել իշխանությունը՝ շեշտելով, որ «Ելույթն ուշացնելը մահվան է հավասար» (Երկ., հ. 26, էջ 280): Զինված ապստամբությունն անմիջականորեն ղեկավարելու համար հոկտ. 24 (նոյեմբ. 6)ին Լ. գաղտնի գալիս է Սմոլնի: Հոկտ. 25 (նոյեմբ. 7)ի առավոտյան Ռազմահեղափոխական կոմիտեն հրապարակում է Լ-ի գրած «Ռուսաստանի քաղաքացիներին» դիմումը, որում հայտարարվում էր ժամանակավոր կառավարության տապալման և պետական իշխանությունը Պետրոգրադի սովետի Ռազմահեղափոխական կոմիտեի ձեռքն անցնելու մասին: Նույն օրը բացված Սովետների Համառուսսատանյան II համագումարը հռչակում է ամբողջ իշխանությունը կենտրոնում և տեղերում սովետների ձեռքն անցնելու մասին: Լ. հանդես եկավ խաղաղության և հողի մասին գեկուցումներով: Համագումարն ընդունեց հաշտության և հողի մասին լենինյան դեկրետները (տես Դեկրետ հաշտության մասին, Դեկրետ հողի մասին) և ստեղծեց բանվորա-գյուղացիական կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ՝ Լ-ի գլխավորությամբ: Որպես նորաստեղծ սոցիալիստական պետության ղեկավար Լ. կազմակերպում է կոմունիստական կուսակցության և ժողովրդական զանգվածների պայքարը պրոլետարիատի դիկտատուրայի խնդիրների լուծման, սոցիալիզմի կառուցման համար: Սովետների Համառուսաստանյան III համագումարը (1918-ի հունվար) ընդունում է Լ-ի գրած «Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան», որը դարձավ առաջին սովետական Սահմանադրության (1918) հիմքը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լ. գրում է «Սովետական իշխանության հերթական խնդիրները» (1918), «Չախ» երեխայության և մանր բուրժուականության մասին» (1918), «Պրոլետարական հեղափոխությունը և ռենեգատ Կաուցկին» (1918) և այլ աշխատություններ, լուսաբանում կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանի կարևորագույն պրոբլեմները, սովետական պետության տնտ. քաղաքականության հիմունքները: Սովետական իշխանության սոցիալական միջոցառումները տապալված շահագործող դասակարգերի ուժեղ դիմադրությանը հանդիպեցին, նրանք զինված պայքար սկսեցին սովետական իշխանության դեմ, դիմեցին տեռորի: 1918-ի օգոստ. 30-ին Լ-ին ծանր վիրավորեց էսէռ-տեռորիստուհի Ֆ. Կապլանը: 1918—20-ին, քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ռազմ, ինտերվենցիայի տարիներին Լ. գլխավորում է սոցիալիստական հայրենիքի պաշտպանությունը, առաջադրում «Ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար» կոչը, դիմում միջազգային պրոլետարիատին՝ հանդես գալու իմպերիալիստների հակասովետական ինտերվենցիայի դեմ: 1919-ի մարտին նրա անմիջական ղեկավարությամբ Մոսկվայում հիմնվում է III Կոմունիստական ինտերնացիոնալը: ՌԿ(բ)Կ VIII համագումարում (1919-ի մարտ) Լ. հանդես է գալիս կուսակցության ԿԿ-ի հաշվետվությամբ, կուսակցության ծրագրի, գյուղում տարվելիք աշխատանքի մասին զեկուցումներով, ռազմ. հարցի մասին ճառով: Համագումարն ընդունում է կուսակցության նոր՝ երկրորդ ծրագիրը, որի նախագծի բոլոր հիմնական մասերը գրել էր Լ.: «Սեծ նախաձեռնություն» (1919), «Էկոնոմիկան և քաղաքականությունը պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանում» (1919) և այլ աշխատություններում Լ. ընդհանրացնում է պրոլետարիատի դիկտատուրայի փորձը, լուսաբանում կոմունիստական շինարարության կարևորագույն խնդիրները: 1920-ի ապրիլ-մայիսին Լ. գրում է «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունը: Լ-ի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ մշակվում է Ռուսաստանի էլեկտրիֆիկացման (ԳՈԷԼՌՈ) պետական պլանը, որը նա անվանեց կուսակցության երկրորդ ծրագիր: 1920-ի վերջին և 1921-ի սկզբին կուսակցության մեջ ծայր առավ վիճաբանություն արհմիությունների դերի և խնդիրների շուրջը: Լ. հանդես եկավ Լ. Դ. Տրոցկու, Ն. Ի. Իուխարինի, «բանվորական օպոզիցիայի», «դեմոկրատական ցենտրալիզմ» խմբի սխալ դիրքավորման և ֆրակցիոն գործունեության դեմ: 1921-ի մարտին ՌԿ(բ)Կ X համագումարը Լ-ի նախաձեռնությամբ ընդունեց ռազմ, կոմունիզմի քաղաքականությունից Նոր տնտեսական քաղաքականություն (նէպ) անցնելու որոշում: Լ. մեծ ուշադրություն էր նվիրում գիտության ու տեխնիկայի վերելքին, երիտասարդության դաստիարակությանն ու ուսուցմանը, սովետական գրականության ու արվեստի զարգացմանը: 1920-ի հոկտեմբերին Լ. ՌԿԵՄ III համագումարում հանդես եկավ «Երիտասարդության միությունների խնդիրները» ճաոով, որը ծրագրային նշանակություն ունեցավ կոմունիզմ կառուցող երիտասարդ սերնդի ձևավորման գործում: Լ-ի «Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին» (1922) հոդվածը սահմանեց կուսակցության գաղափարական աշխատանքի խնդիրները: Լ. նշեց ազգային-պետական շինարարության խնդիրների լուծման ուղիները: Նա բազմիցս ընդգծել է ազգերի կամավոր դաշինք ստեղծելու անհրաժեշտությունը, որը պետք է իրականացվի մեծագույն համբերատարությամբ ու զգուշությամբ, հենվի տարբեր ազգերի լիակատար վստահության, եղբայրական միասնության անհրաժեշտության պարզ գիտակցման վրա: «Ազգությունների կամ «ավտոնոմիզացիայի» հարցի շուրջը» (1922-ի դեկտեմբեր) նամակում Լ. պահանջում է կենսագործել պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքները, ամրապնդել սովետական ժողովուրդների բարեկամությունը: Կյանքի վերջին շրջանում գրած նամակներում ու հոդվածներում՝ «Նամակ համագումարին» (1922, դեկտեմբեր), «էջեր օրագրից» (1923, հունվար), «Կոոպերացիայի մասին» (1923, հունվար), «Մեր հեղափոխության մասին» (1923, հունվար), «Ինչպես վերակազմենք Բանգյուղտեսչությունը» (1923), «Լավ է քիչ, բայց լավ» (1923, մարտ), Լ. հանրագումարի բերեց բոլշևիկյան կուսակցության և բանվոր դասակարգի, սովետական ժողովրդի, միջազգային պրոլետարիատի մեծ նվաճումները, շարադրեց երկրի սոցիալիստական վերափոխման ծրագիրը: 1923-ի մարտի սկզբին Լ-ի առողջությունը խիստ վատացավ, մայիսին նա նորից փոխադրվեց մերձմոսկովյան Գորկի ավանը: 1924-ի հունվ. 21-ին Լ. վախճանվեց: Հունվ. 23-ին Լ-ի դագաղը հատուկ գնացքով տեղափոխվեց Մոսկվա և դրվեց Միությունների տան սյունազարդ դահլիճում: ժողովուրդը հինգ օր շարունակ հրաժեշտ էր տալիս իր առաջնորդին: Հունվ. 27-ին Լ-ի աճյունը դրվեց Կարմիր հրապարակում կառուցված դամբարանում (տես Լենինի դամբարան): Լ. համակողմանիորեն զարգացրեց սոցիալիստական հեղափոխության և կոմունիստական հասարակարգի կառուցման տեսությունը, Ռուսաստանի և միջազգային հեղափոխական շարժումը զինեց գիտականորեն հիմնավորված ստրատեգիայով ու տակտիկայով, գլխավորեց բանվոր դասակարգի պայքարը սոցիալիզմի գաղափարների կենսագործման համար, զարգացրեց մարքսիզմի բաղկացուցիչ մասերը՝ փիլիսոփայությունը, քաղաքատնտեսությունը, գիտական կոմունիզմը (տես Մարքսիզմ-լենինիզմ): Լենինիզմը արդի դարաշրջանի մարքսիզմն է, խաղաղության և սոցիալիզմի համար ժողովուրդների մղած պայքարի մեծ դրոշը, միասնական ինտերնացիոնալ ուսմունք, որը կիրառելի է աշխարհի բոլոր երկրների նկատմամբ: Սոցիալիզմի հաղթանակը ՍՍՀՄ-ում լենինիզմի գաղափարների մարմնավորումն է: Սովետական ժողովուրդը սրբությամբ է պահում Լ-ի հիշատակը: Դեռևս 1923-ին կուսակցության ԿԿ ստեղծեց Վ. Ի. Լենինի ինստ-ը, որը հետագայում միացավ Մարքսի և էնգելսի ինստ-ին (տես Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ ՍՄԿԿ ԿԿ-ին կից): ՍՍՀՄ-ում իրականացվել է Լ-ի երկերի հինգ հրատարակություն, լույս են տեսնում «Լենինյան ժողովածուներ»: Լ-ի անունն են կրում Համամիութենական կոմունիստական երիտասարդական միությունը, պիոներական կազմակերպությունը, բազմաթիվ քաղաքներ, շրջաններ, ավաններ, գյուղեր, հրապարակներ, փողոցներ, գործարաններ, նավեր, լեռնագագաթներ, հիմնվել է Լենինի շքանշան, գիտության և տեխնիկայի, գրականության և արվեստի զարգացման գործում ականավոր ծառայությունների համար սահմանված են լենինյան մրցանակներ, «ժոդովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակ: ՍՍՀՄ-ում, ինչպես նաև արտասահմանում գործում են Վ. Ի. Լենինի թանգարաններ (տես Լենինի կենտրոնական թանգարան): Լ. մեծ ուշադրություն է նվիրել հայ ժողովրդի ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժմանը, հայ մարքսիստների պայքարին: Նա անձամբ գիտեր և բարձր էր գնահատում շատ հայ բոլշևիկների գործունեությունը, անձնական ու նամակագրական կապեր ուներ Ի. Լալայանցի, Բ. Կնունյանցի, Մ. Շահումյանի, Կամոյի, Մ. Սպանդարյանի, U. Բեկգադյանի, Վ. Կասպարյանցի, U. Մյասնիկյանի, Վ. Ավանեսովի և ուրիշների հետ: 1895-ին գրված «Ֆրիդրիխ Էնգելս» հոդվածում Լ. նշում էր, որ «միմիայն ազատ Ռուսաստանը կարիք չի ունենա ոչ լեհերին, ֆիններին, գերմանացիներին, հայերին և մյուս ժողովուրդներին ճնշելու» (Երկ., հ. 2, էջ 17): 1903-ի փետրվարին Լ. «Իսկրա»ի էջերում հրապարակում է «Հայ սոցիալ-դեմոկրատների մանիֆեստի մասին» հոդվածը, որը բոլշևիզմի ազգային ծրագրի մասին լենինյան առաջին երկն էր: 1915-ին Լ. գրում է «Ուրիշի դրոշակի տակ» (հրտ. 1917) հոդվածը, նշում, որ XIX դ. 2-րդ կեսին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական շարժումները առաջադիմական են: 1916-ին տպագրված «Ինքնորոշման վերաբերյալ դիսկուսիայի արդյունքները» աշխատության մեջ Լ. գրում էր. «…հազիվ թե մեկը վարանի ժխտել այն, որ անեքսիայի ենթարկված Բելգիան, Սերբիան, Գալիցիան, Հայաստանը իրենց «ապստամբությունը» անեքսիա կատարողի դեմ կանվանեն «հայրենիքի պաշտպանություն» և ճիշտ էլ կանվանեն» (Երկ., հ. 22, էջ 447): Ապրիլյան կոնֆերանսում ազգային հարցի կապակցությամբ արտասանած ճառում պաշտպանելով ազգերի ինքնորոշման իրավունքը՝ Լ. ասում էր. «Այ եթե վաղը սովետն իշխանությունն իր ձեռքը վերցնի… այն ժամանակ մենք կասենք՝ Գերմանիա, զորքերդ դուրս Լեհաստանից, Ռուսաստան, զորքերդ դուրս Հայաստանից,—այլապես այդ խաբեություն կլինի» (Երկ., հ. 24, էջ 367): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո՝ 1917-ի դեկտ. 29-ին Սովետական Ռուսաստանի կառավարությունը, Լ-ի նախագահությամբ, ընդունեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս, զորքերի կողմից գրավված «Թուրքահայաստանի» մասին դեկրետը: Սակայն Արևմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ լենինյան այդ դեկրետը չիրագործվեց՝ մի շարք ներքին և արտաքին աննպաստ պատճառների հետևանքով: Լ. ջերմորեն ողջունեց Ս. Շահումյանի գլխավորած Բաքվի հերոսական կոմունայի գործունեությունը: 1920-ի դեկտ. 2-ին Լ. հեռագրում է Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Ս. Կասյանին. «Հանձին Ձեզ ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Սովետական Հայաստանին» (Երկ., հ. 31, էջ 550): Դեկտ. 22-ին Սովետների Համառուսաստանյան VIII համագումարում հանդես գալով ժողովրդական կոմիսարների սովետի հաշվետու զեկուցումով Լ. Բուխարայի, Ադրբեջանի և Հայաստանի սովետական հանրապետությունների ստեղծվելը համարել է կոմունիստական կուսակցության քաղաքականության հաղթանակ (Երկ., հ. 31, էջ 619): Լ. մերկացնում էր Թուրքիայի ագրեսիվ պլանները Հայաստանի և ամբողջ Անդրկովկասի նկատմամբ: 1921-ի ապրիլին Լ. գրում է «Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի, Լեռնականների հանրապետության կոմունիստ ընկերներին» նամակը, որը ծրագրային նշանակություն ունեցավ ամբողջ Կովկասի սովետական հանրապետությունների հետագա զարգացման համար: Լ-ի նախաձեռնությամբ և Անդրկովկասի ժողովուրդների ջերմ ցանկությամբ 1922-ին ստեղծվեց Անդրկովկասյան Ֆեդերացիան: Հայ ժողովրդի գաղափարա-քաղ. կյանքում անգնահատելի նշանակություն ունի Լ-ի գրական ժառանգությունը: Լ-ի երկերը հայերեն հրատարակվել են սկսած 1903-ից: 1904-ին Լ-ի նախաձեռնությամբ Ժնևում ստեղծվում է «Հայերեն և վրացերեն լեզուներով սոցիալ-դեմոկրատական կուսակցական գրականության հանձնաժողով», որը Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատությունների թարգմանության և հրատարակության առաջին կենտրոնն էր: Տասնամյակների ընթացքում և հատկապես Հայաստանում սովետական կարգերի հաղթանակից հետո լույս են տեսել Լ-ի բազմաթիվ աշխատություններ տասնյակ միլիոնավոր տպաքանակով: 1947-ին ստեղծվեց ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստ-ի հայկական ֆիլիալ—ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստ-ը, որն իրականացնում է Լ-ի երկերի հայերեն թարգմանությունները: 1969-ին ավարտվեց Լ-ի երկերի 4-րդ հրատարակության 45 հատորների լրիվ թարգմանությունն ու հրատարակությունը: 1974-ից հրատարակվում է Լ-ի երկերի լիակատար ժողովածուն: 1974—77-ին լույս են տեսել այդ ժողովածուի 14 հատորները, որով սկիզբ դրվեց լենինյան տեսական մեծ ժառանգության հայերեն թարգմանության նոր էտապին: Լ-ի անունն են կրում հանրապետության երկրորդ քաղաքը՝ Լենինականը, Երևանի արդ. շրջաններից մեկը, գործարաններ, կոլտնտեսություններ, սովետական տնտեսություններ, դպրոցներ, փողոցներ, հրապարակներ, ՀՍՍՀ շատ բնակավայրերում կանգնեցված են Լ-ի հուշարձաններ
Երկ. Собр. соч., т. 1 —20, M.Л., 1920 1926 Соч., 2 изд., т. 1 30, М.—Л., 1925—32 Соч., 3 изд., т. 1—30, М.—Л., 1925—32 Соч., 4 изд., т. 1—45, М., 1941-67 Поли. собр. соч., 5 изд., т. 1—55, М., 1958—65 Ленинские сборники, кн. 1 38, М.—Л., 1924—75 Երկ. (թրգմ. 4 րդ հրատարակությունից), հ. 1—45, Ե., 1941 69
Երկ. լիակտ. ժող. (թրգմ. 5-րդ հրատարակությունից), հ. 1 14…, Ե., 1974—78…:
Գրկ. Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի թեզիսները, Ե., 1970: Վ. Ի. Լենին, կենսագրություն, Ե., 1974: Բրեժնև Լ. Ի., Լենինյան կուրսով: Ճառեր և հոդվածներ, հ. 1—5, Ե., 1970—77: Կրուպսկայա Ն. Կ., Հիշողություններ Վ. Ի. Լենինի մասին, Ե., 1977: Հիշողություններ Վ. Ի. Լենինի մասին, հ. 1—3, Ե., 1957 62: Մնացականյան Ա. Ն., Վ. Ի.Լենինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Ե., 1962: Լենինի մասին, արտասահմանյան ժամանակակիցների հիշողություններ, Ե., 1965: Լենինի հետ, վավերագրեր և հուշեր, Ե., 1969: Բարսեղյան Խ. Հ., Վ. Ի. Լենինի աշխատությունների հայերեն հրատարակությունների պատմություն, Ե., 1969: Բաղդասարյան Ե., Վ. Ի. Լենինի աշխատությունների հայերեն հրատարակությունների մատենագիտություն 1904—1970, Ե., 1971: Ղարիբջանյան Գ. Բ., Վ. Ի. Լենինը և Անդրկովկասը, մաս 1—3, Ե., 1970—75: Նույնի, Անմոռանալի հանդիպումներ, հայ գործիչների հանդիպումներն ու կապերը Վ. Ի. Լենինի հետ. 1892—1923 թթ., Ե., 1973: Хронологический указатель произведений В. И. Ленина. В двух частях. 1886-1923. Книги, статьи, выступления, письма и другие документы, ч. 1 2, М., 1962 Лениниана. Библиография произведений В. И. Ленина и литература о нем, 1956 —1967, т. 1—3, М., 1971—1977 В. И. Ленин. Биографическая хроника. 1870 —1924, т, 1—8, М., 1970-77 Воспоминания о В. И. Ленине, т. 1 5, М., 1968-69 Воспоминания коммунистов Закавказья о В. И. Ленине, Е., 1969 Гарибджанян Г. Б,, В.И. Ленин и большевики Закавказья, М., 1971.
Գ. Ղարիբջանյան
