ՀՍՀ/ԼԵՆԻՆԱԲԱԴԻ ՄԱՐԶ
ԼԵՆԻՆԱԲԱԴԻ ՄԱՐԶ, Տաջիկական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1970-ի դեկտ. 23-ին: Տարածությունը 26,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1148 հզ. (1977): Բաժանվում է 12 շրջանի, ունի 9 քաղաք, 20 քտա: Կենտրոնը՝ Լենինաբադ: Բնությունը: Գտնվում է հանրապետության հս. մասում: Հս-ում ձգվում են Տյան-Շանի համակարգի մեջ մտնող Կուրամինի (3769 մ) լեռնաշղթան և Մոգուտաու (1624) լեռնազանգվածը, հվ-ում՝ Հիսարա-Ալայան լեռնային համակարգին պատկանող Թուրքեիստան (5509 մ), Զերավշանի (5489 մ) և Հիսարյան (հս. լանջը) լեռնաշղթաները: Օգտակար հանածոներից կա ածուխ, կապար, ցինկ, բիսմուտ, վոլֆրամ, մոլիբդեն, ծարիր, սնդիկ: Կլիման ցամաքային է, չոր: Հունվարի միջին ջերմաստիճանը —1.10°C-է, հուլիսինը՝ 28°C, տարեկան տեղումները՝ 150—300 մմ, 1000—2500 մ բարձրություններում՝ 400—800 մմ: Երբեմն փչում են չոր, տաք քամիներ: Գետերը՝ Սիրդարյան և Զերավշանը, ունեն ձնասառցադաշտային սնում և հիդրոէներգիայի մեծ պաշարներ: Առավել խոշոր լճերն են՝ Իսկանդերկուլը և Օկսուկոնը: Հողերը մոխրագույն են, շագանակագույն, լեռնաանտառային և լեռնամարգագետնային: Բուսականությունը անապատատափաստանային է, օշինդրա-աղուտային, լեռնամարգագետնային, անտառային: Կան ալպյան մարգագետիններ: Կաթնասուններից տարածված են աղվես, նապաստակ, հովազ, վարազ, թռչուններից՝ փասիան, հնդկահավ: Բնակչությունը: Բնակվում են տաջիկներ, ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, կիրգիգներ, ուկրաինացիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 43,9 մարդ է (1977), քաղաքային բնակյությունը՝ 38: Քաղաքներն են՝ Լենինաբադը, Ուրա-Տյուբեն, Կանիբադամը, Իսֆարան, Կայրակկումը, Փենջիքենդը, Սովետաբադը, Շարաբը, Չկալովսկը: Սովետական իշխանության տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել ժող. տնտեսության բնագավառում, հին ձեռնարկությունները ենթարկվել են վերակառուցման, կառուցվել են նորերը, ստեղծվել է խոշոր մեքենայացված գյուղատնտեսություն: Լ. մ. տալիս է հանրապետության արդ. արտադրանքի 1 3-ից ավելին և գյուղատնտ. արտադրանքի զգալի մասը: Արդյունահանվում է ածուխ (Շուրաբ), նավթ (Նեֆտեաբադ, Կիմ), անագ և ցինկ (Ալտին-Տոպկան, Կուրուսայ, Կանսայ), բիսմուտ (Ադրասման), վոլֆրամ և մոլիբդեն (Չորուխ-Դայրոն), ծարիր և սնդիկ (Անզոբի լեռնահարստացուցիչ կոմբինատ): Ցանքատարածությունները կազմում են 231 հզ. հա, որի 58 ը ոռոգովի է: Տեխ. կուլտուրաները 70 հզ. հա են: Լ. մ. տալիս է հանրապետության բամբակի հումքի 25 ը, ծխախոտի 86 ը, բրնձի 32 ը, բանջարեղենի 25 ը: Հանրապետության խաղողի և պտղատու այգիների տարածության կեսը գտնվում է Լ. մ-ում: Ֆերգանայի հովտում զարգացած է շերամապահությունը: 1972—73 ուս. տարում կար 754 հանրակրթական դպրոց, 18 պրոֆտեխ. ուս. հաստատություն, 11 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, Լենինաբադի մանկավարժական ինստ.: 1973-ին կային 371 մասսայական գրադարան, 3 պատմա-հայրենագիտական թանգարան, 5 թատրոն, 302 ակումբ, 332 կինոկայանք, մարզային 2 թերթ, ռադիո և հեռուստակենտրոններ: 1973-ին կար 96 հիվանդանոց (9,8 հզ. մահճակալով), 1,3 հզ. բժիշկ: Կան ցեխաբուժական և կլիմայաբուժական առողջարաններ, հանգստյան տներ:
