ՀՍՀ/ԼԵՌՆԱՅԻՆ ԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ
ԼԵՌՆԱՅԻՆ ԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասի կազմում: Ստեղծվել է 1922-ի հունիսի 1-ին, որպես Օյրոթական Ինքնավար Մարզ, 1948-ի հունվ. 7-ին վերանվանվել է Լ.ԱԻՄ: Հվ-ում սահմանակից է ՄԺՀ-ին և Չինաստանին: Տարածությունը 92,6 հզ. կմ² է, բնակչությունը՝ 169 հզ. (1977): Ունի 8 շրջան, 1 քաղաք, 3 քտա: Կենտրոնը՝ Գոռնո—Ալթայսկ: Բնությունը: ԼԱԻՄ ընդգրկում է Ալթայի հվ. մասը: Մարզի սահմաններում գտնվում Ալթայի բարձր կետը՝ Բելուխա լեռը (4506 մ): Լեռնաշղթաները (Կատունի Կուրայի, Հյուսիսային և Հարավային Չույան) բաժանված են խոր հովիտներով կան ընդարձակ գոգավորություններով՝ «տափաստաններով» (Կուրայի, Չույայի, Արայի, Ույմոնի): Կան ոսկու, սնդիկի, բագմամետաղների, երկաթի, մանգանի, մարմարի և կրաքարերի հանքավայրեր: Կլիման խիստ ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը 12°C-ից —31,8°C է, հուլիսինը՝ 9°C-ից 18°C, տարեկան տեղումները՝ 100 մմ-ից (միջլեռնային գոգավորություններում) մինչև 1000 մմ (մարզի հս-արմ-ում): Վեգետացիոն շրջանը 75—120 օր է: Գետերը պատկանում են Կատունի և Բիյայի ավազաններին, սնումը ձնասառցադաշտային է, ունեն հիդրոէներգիայի (տարեկան 9,6 մլն կվտ հզորությամբ) մեծ պաշարներ: Բիյան օգտագործվում է լաստառաքման համար: Լճերից խոշորը Տելեցկոյեն է: Բնակչությունը հիմնականում ալթայցիներ, ռուսներ և ղազախներ են: խտությունը 1 կմ² վրա 1,8 (1977) մարդ է: Բնիկները՝ ալթայցիները, սովետական իշխանության տարիներին ամբողջությամբ դարձել են նստակյաց: Քաղաքային բնակչությունը կազմում է 28 (1975): Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է: Բուծում են ոչխար, այծ, խոշոր եղջերավոր անասուններ, ալթայան ձի, լեռնատափաստանային շրջաններում՝ յակ: Ցուրահատուկ ճյուղ է պանտակիր մարալների և բծավոր եղջերուների բուծումը, որոշ շրջաններում մեղվաբուծությունը: Զարգացած է որսորդական արդյունագործությունը և արծաթափայլ սև աղվեսների բուծումը: Գյուղատնտ. հողահանդակներում գերակշռում են արոտավայրերը և խոտհարքները (75): Հողագործությունը զարգացած է գոգավորություններում և մեծ գետերի հովիտներում: Ցանքատարածություններում մեծ տեղ են գրավում վարսակը, գարին, խոտերը, սիլոսացու եգիպտացորենը և արևածաղիկը: Արդ. արտադրանքի 70 ից ավելին տալիս է թեթև և սննդի արդյունաբերությունը: Կան ավտոնորոգման, էլեկտրակենցաղային սարքերի, կերամզիտաբետոնի, պանրի-յուղի գործարաններ, մսի կոմբինատ, վարագույրների և շղարշի ֆաբրիկա: Աճում է շինանյութերի և էներգետիկայի արտադրությունը: Հիմնական մայրուղին է Չույսկի ավտոխճուղին՝ Բիյսկից մինչև ՄԺՀ սահմանը:
