Jump to content

ՀՍՀ/ԼԵՎՈՆ Բ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՎՈՆ Բ Մեծագործ. Լևոն Մեծահաղթ, Լևոն Բազմահաղթ, Լևոն Բարեպաշտ (ծն. թ. անհտ.—2.5.1219), Կիլիկիայի հայկական պետության իշխան (պարոն) 1187-ի մայիսի 6-ից, Հայոց թագավոր՝ 1198-ի հունվարի 6-ից: Ռուբինյանների ազգատոհմից: Թորոսի Բ-ի և Մլեհի եղբայր Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն 9-ին: Լ-ի դաստիարակությունն ու կրթությունը հոգացել են մայրը՝ Հեթումյան իշխանուհի Ռիթան, և քեռին՝ Պապեռոն բերդի տեր Բակուրան իշխանը, որի ապարանքում Լ. եղբոր հետ ապրել է հոր եղերական մահից (1165) հետո: Լ. նախապես եղել է երկրի կարևոր բերդ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում: Ռուբեն Գ-ի գերությունից (1185) հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Լ-ի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից զերեդարձած Ռուբեն Գ իշխանությունը կամովին հանձնել է Լ-ին, քաշվել վանք, ուր վախճանվել է նույն տարում: 1187-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) Լ. ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ՝ Պռականա բերդով հանդերձ: 1187-ին Լ. հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189-ի խաչակրաց երրորդ արշավանքով: Խաչակիրները 1190-ին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում: Լ-ի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Հենրիկոս VI խոստացավ Լ-ին ճանաչել Հայոց թագավոր: Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լ., պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193-ին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը: Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լ. Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192-ին հատուկ հրովարտակով Հռոմ՝ կլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս (Հովհաննես անունով)՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի: Լ-ի վարած արտաքին քաղաքականությունը սրեց թե Այյուբյան սուլթանության, թե Անտիոքի դքսության դժգոհությունը: 1193-ին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի (իշխել է 1173—1205) սադրանքով խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և հավանվեց նրա առաջխաղացումը: Լ-ին ցանկանում էր խարդախությամբ ձերբակալել Անտիոքի դուքսը: Իմանալով այդ, Լ. 1194-ին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս: Դուքսը Լ-ի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը (Ջահան գետից մինչև Կաստոն բերդը), ինչպես նաև Ասորվոց դրունք կոչվող կարևոր ռազմ. հանգույցը: Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լ-ի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծի) ամուսնությամբ: Ռայմոնդը, որպես պատանդ, դաստիարակվելու էր Լ-ի արքունիքում: Ըստ որում Լ. և Բոհեմունդը պարտավորվեցին, որ Ռայմոնդի գահը ժառանգվի Ալիսից ծնված որդուն: Դրանով Լ. ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար: Այսպիսով, Լ. շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար: 1196-ին Գերմանիայի Հենրիկոս (Հայնրիխ) VI կայսրը թագ ուղարկեց Լ-ին: Կիրակոս Գանձակեցին գրում է, որ Բյուզանդիայի Այեքսոս III Անգելոս կայսրը շտապեց կանխել Լ-ի թագադրությունը Գերմանիայի կայսրից և 1196-ին Լ-ին ուղարկեց մեծամեծ ընծաներ, առյուծանկար դրոշակ, արքայական զգեստներ, ոսկով ու պատվական քարերով ընդելուզված թագ: Լ. թագադրվեց 1198-ի հունվ. 6-ին, Տարսոն քաղաքի Սուրբ Սոփիա մայր տաճարում: Արարողությանը ներկա էին Բյուզանդիայի, Հռոմեական սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի և հարևան այլ երկրների պատվիրակությունները: Գրիգոր Ջ Սպիրատ կաթողիկոսը հայկական, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և պապի ներկայացուցիչը՝ Մայնցի արքեպիսկոպոս Կոնուսդ Վիտտելբախը, լատին ծեսով, Լ-ին օծեցին «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց և Իսավռիոյ»: Համաժողովրդական տոնակատարությունները, զորահանդեսները, մրցությունները տևեցին 8 օր: Ժամանակագիրները Լ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղ. մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Երկու կայսրից թագ ընդունելու Փաստով Լ. ընդգծեց ոչ միայն իր իշխանության միջազգային մեծ հեղինակությունը, այլն չեզոքացրեց նրանց միջամտությունը Կիլիկյան Հայաստանի ներքին գործերին: Ձգտելով ստեղծել կենտրոնացված ու անսահմանափակ միապետություն՝ Լ. հնազանդեցրեց կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների: Նախ պատժեց արքունիքին ներհակ Հայոց Կաթողիկոս Գրիգոր Ե Քարավեժին և կաթողիկոսի գահը հանձնեց համախոհ Գրիգոր Զ Ապիրատին: Լամբրոն և Պապեռոն անառիկ բերդերի տերերին՝ Հեթումյաններին, վերջնականորեն հնազանդեցնելու համար Լ. 1201-ին Հեթում իշխանին ձերբակալեց և առանց արյունհեղության նրա կալվածները միացրեց արքունիքին: 1209-ին Լ. կուրացրեց Մլեհի որդուն՝ Հայոց գահի հավակնորդ Գեորգ իշխանին: Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լ. խնամիական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքայատների հետ: 1209-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լ. կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210-ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատաս մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ: 1214-ին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լ. ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ: 1218-ին Տարսոնում ռազմ, դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լ. իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ: Լ. հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար: Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լ-ի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից (1194) 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ: L. Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց թագաժառանգ: Դիվանագիտական այդ քայլով Լ. ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը: Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լ-ին աջակցում էին Անտիոքի հայությունը, կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուրընկալ օրդենի ասպետները: Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն-Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ, 1201-ին հափշտակեց Անտիոքի գահը: Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203-ի նոյեմբ. 11-ին Լ. գրավեց Անտիոքը: Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս: 1206-ին Լ. ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային: Սահմանամերձ որոշ բերդեր (Ամուտա, Գմբեթփոր, Հարուն, Սելևկիա, Նորբերդ, Կամարտիաս, ճ.կեր) Լ. ժամանակավորապես պարգևել էր հայերին զինակցող և Հայոց արքայի վասալները համարվող խաչակիր ասպետների Հյուրընկալ (Հիվանդապահ) և Տաճարական հոգևոր օրդեններին: Բոհեմունդ Միակնանուն աջակցելու պատճառով Լ. Տաճարական օրդենի ասպետներին շնորհազրկեց և վտարեց երկրից՝ անուշադրության մատնելով պապի միջնորդությունը: Լ. Անտիոքի Մ. Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն-Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի: Այս առթիվ Լ. իր անունով Անտիոքում հատեց արծաթյա լատինազիր շքադրամ: Սմբատ պատմիչը վկայում է, որ Լ. այնուհետև գրեթե ամեն տարի հալածում էր Անտիոքի գահին համառորեն կառչող Բոհեմունդ Միակնանուն: Իսկ 1210-ին Գերմանիայի կայսեր և պապի միջոցով վերահաստատեց Ռուբեն-Ռայմոնդի գահակալական իրավունքը: 1209-ին և 1211-ին Լ. Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիսի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությանը: 1211-ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց Փոքր Հայքի կենտրոն Կեսարիան: Լ. այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո: Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լ-ին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը: 1216-ի սկզբին, երբ Լ. գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միակնանու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լ-ի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասելիորեն խուժեցին Կիլիկիա և հունվ. 25-ին պաշարեցին սահմանային Կապան բերդը: Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք զորականների հետ գերի ընկավ: Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լ. իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից: Նույն թվականի փետր. 14-ին Լ. Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն-Ռայմոնդին: 1219-ի սկզբին Անտիոքի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22-ամյա Ռուբեն-Ռայմոնդին մատնելով Փախուստի: Լ. նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր Զաբելին: Ապա Լուլուա և Լավզատ ամրոցների (Իսավրիայի գետահովտում) զիջումով Լ. հաշտվեց Իկոնիայի սուլթանի հետ, ազատեց Կոստանդին գունդստաբլին և 1216-ի մյուս հայ գերյալներին: Լ-ի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի Լ-ի վեհապետության ներքո էին Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան և Գերմանիկեն: Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լ. վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմ, ուսուցման որոշակի կարգ ու կանոն: Լ.կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը: Տնտ. կյանքը խթանելու համար Լ. բարեկարգեց նավահանգստային քաղաքները, բանուկ ճանապարհները, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքեց (1201, 1212) Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և ուրիշ վաճառաշահ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպեց առևտրական նավատորմիղ, հատեց արծաթյա և ոսկյա դրամներ: Լ-ի ոսկյա դրամը՝ «թագավորականը» (7,1 գ), ավելի արժեք ուներ, քան վենետիկյան հռչակված դուկատը: Պետ. կայուն հարկեր սահմանելու համար Լ. հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները: Պետ. թոշակով հիմնեց աղքատանոցներ ու գոդյաց տներ: Լ-ի հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը (Ակների, Գայլու ևն), և նրանց կից բացվեցին վարժարաններ, դպրատներ, որոնցում ուսուցումը կատարվում էր ինչպես հայերեն, այնպես էլ օտար (ֆրանկ, լատին) լեզուներով: Լ. իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար: Ընդօրինակվեցին և կորստից փրկվեցին բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն թարգմանվեցին համաշխարհային գիտական ու գրական արժեքավոր երկեր: Լ-ի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Ասում, սիրտը՝ Ակներում:

Գրկ. Վահրամ Րաբունի, Ոտանավոր Պատմութիւն Ռուբինեանց, Փարիզ, 1859: Միխայիլ Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1871: Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Микаелян Г. Г., История. Киликийского армянского государства, Е., 1952 Tournebize F., Histoire politique et religieuse de l Armenie, P., 1900.

Մ. Կատվալյան