Jump to content

ՀՍՀ/ԼԸԿՈՆՏ ԴԸ ԼԻԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԸԿՈՆՏ ԴԸ ԼԻԼ (Leconte de Lisle) Շառլ (22.10.1818—18.7.1894), ֆրանսիացի բանաստեղծ և հասարակական գործիչ-հանրապետական: Ֆրանս, ակադեմիայի անդամ (1886): 1848-ի հեղափոխության մասնակից: «Պառնասի» գեղագիտության հիմնադիրը: «Բարբարոսական բանաստեղծություններ» (1862) գրքում Լ. դը Լ. ձգտել է ճշգրտորեն վերստեղծել պատմության դրվագները: Մերժել է կրոնը: Գրել է բանաստեղծություններ, որոնք հաստատում են բնության ուժն ու գեղեցկությունը («Փղեր», «Կուսական անտառ»), բանաստեղծականացնում նախնադարյան բարբարոսներին («Հիալմարի սիրտը»), նույնիսկ գազաններին («Հովազը), ի հակադրություն բուրժ. բարբարոսների («ժամանակակիցներին»): Փարիզյան կոմունայի (1871) նշանակությունը Լ. դը Լ. չհասկացավ, բայց հանդես եկավ վերսալյան ռեակցիայի դեմ ուղղված պարսավագրերով («ժողովրդական հանրապետական կատեխիզիս», «Քրիստոնեության հանրամատչելի պատմությունը»): Հեղինակել է «էրինիները» (1873) ողբերգությունը, «Ողբերգական բանաստեղծություններ» (1884) և «Վերջին բանաստեղծություններ» (1895, ետմահու) ժողովածուները: